Մատչելիության հղումներ

«3+3» հարթակն արդյունավետ ձևաչափ է տարածաշրջանային խնդիրները լուծելու համար․ Աբդոլլահիան


«3+3» հարթակն (այս ձևաչափում ընդգրկված են Հարավային Կովկասի երեք երկրներն ու նրանց երեք հարևանները՝ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը) արդյունավետ ձևաչափ է տարածաշրջանային խնդիրները լուծելու համար, ըստ իրանական IRNA գործակալության, Թեհրանում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է միջազգային սահմանների պահպանման և երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի պետությունները՝ առանց արտաքին միջամտության։

Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Իրանի միջև զարգացող հարաբերությունների կապակցությամբ՝ Աբդոլլահիանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը տարեկան կհասնի երեք միլիարդ դոլարի, ինչը, նրա խոսքով, պահանջում է համապարփակ և երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր։

Աբդոլլահիանը նաև նշել է, որ Իրանը պատրաստ է մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստան Լեռնային Ղարաբաղից փախստականների համար։

Ըստ IRNA-ի՝ Գրիգորյանն իր հերթին բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում՝ ասելով, որ Երևանը հաստատակամ է ընդլայնելու կապերը Թեհրանի հետ։ Նա նաև նշել է, որ Հայաստանը կարևոր և կառուցողական է համարում Իրանի դերը Հարավային Կովկասի զարգացման և տարածաշրջանում կայուն խաղաղության գործում։

Հուլիսին Թեհրանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով «Զանգեզուրի միջանցքից», իրեն վստահեցրել է՝ Բաքուն երբեք չի եղել և չի լինելու միջանցք ստեղծելու և Իրանը Հայաստանին կապող պատմական ճանապարհի փակման ջատագով և որ այդ արտահայտությունը Ադրբեջանն օգտագործում է տարանցման խոչընդոտների վերացման համար։

Պաշտոնական Երևանը Ադրբեջանի իշխանությունների կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է որպես տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։

XS
SM
MD
LG