Մատչելիության հղումներ

Այրվածքաբանականում ազատ հիվանդասենյակ չկա. Արցախում պայթյունից տուժած ավելի քան 100 մարդ շարունակում է բուժումը


«Ցավերն անտանելին են անգամ անզգայացման պարագայում, գրեթե բոլորի այրվածքներն այնքան խորն են, որ հետքերը չեն անհետանալու»,- ասում է Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենն ու հորդորում՝ պինդ մնալ, եթե հարցազրույցի ընթացքում ցավից տանջվող մարդկանց ձայներ լսենք։

«Անխուսափելի է դա», - հուշում է բենզին վերցնելու գնացած երիտասարդ տղամարդու վերքերը մշակող բժիշկը։

Այսօրվա դրությամբ 276 տուժած է բուժօգնություն ստանում, 95-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր, 2 հիվանդ դուրս է գրվել։ Մինչև այս պահը գրանցվել է մահվան 36 դեպք։ Առհասարակ՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել ավելի քան 300 տուժած

Առողջապահության նախարարությունն այդպես էլ չի հստակեցնում, թե քանիսն են պայթյունից տուժել։ Միայն փոխանցեցին՝ առավել մեծ է պայթյունից տուժածների թիվը, նույնը՝ մահվան դեպքերում։

Արցախում բենզին պահեստի պայթյունից հետո տուժածների 80 տոկոսից ավելին՝ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում են՝ ավելի քան 100 մարդ։ Տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը պատմում է՝ ծանր է իրենց աշխատանքը, բայց առավել դաժան էր առաջին օրը, որովհետև տուժածների մեծ մասը սոված ու հյուծված են եղել:

«Մենք ունենք ոչ թե պարզապես այրվածք կամ խորը այրվածք ստացած բուժառուներ, մենք ունենք 10 ամիս հյուծված մարդիկ, սա շատ կարևոր է հաշվի առնել, որովհետև մենք ունենք շատ թուլացած օրգանիզմներ: Առաջին օրերը մեզ համար շատ լուրջ խնդիր էր՝ ոնց ենք կերակրելու այս մարդկանց: Ոչ թե սնունդ չէինք կարողանում գտնել, սնունդը կար, այլ չէին կարողանում, մի գդալից հետո փսխման ռեֆլեքս էր առաջացնում», - պատմես Հովհաննիսյանը:

Այրվածքաբանության ազգային ինստիտուտում արդեն ազատ հիվանդասենյակ չկա, բժիշկները գերծանրաբեռնված են աշխատում, Հայաստանում ընդամենը 5 այրվածքաբան կա, հիվանդասենյակ է դարձել նաև հաշվապահությունն ու տնօրենի աշխատասենյակը:

Որ հայաստանյան բժիշկների բեռը թեթևանա օգնության ձեռք են մեկնել արտասահմանյան գործընկերները, արդեն 17 հիվանդ տեղափոխվել է Բելգիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Իտալիա ու Միացյալ Նահանգներ։ Նրանցից 5-ն անաչափահաս են։

Գրեթե անճանաչելի դարձած հիվանդներն, վիրակապերի արանքից անգամ խոսում էին, բարձրաձայն հիշում Արցախի իրենց լավ ու վատ օրերը, գիտակցությունն ու հիշողությունը տեղն էր։ Բժիշկ Հովհաննիսյանն ասում է՝ դա է այրվածքաբանության դաժան հանելուկը, մեկ էլ կտեսնես նույն այդ մարդը րոպեներ անց ծայրահեղ ծանր վիճակում ռեանիմացիա է տեղափոխվում:

Այսօր այս հիվանդանոցում արդեն մեկ մահ է գրանցվել. - «Էդ պահը շատ ծանր է, գրեթե բոլորի հետ ընկերացել ենք»:

Հիվանդանոցի բակում հարազատներն են հավաքված, րոպե առաջ դրական լուր են ուզում լսել։ Նինա Խաչատրյանի 30-ամյա երկվորյակ տղաներն են ներսում, մեկը՝ վերակենդանացման բաժանմունքում է. - «60 տոկոս այրված ա, 4-րդ աստիճանի: Ես լավատես եմ տրամադրված, որ լավ ա լինելու»:

Պայթյունից շուրջ 15 օր անց երկու որդիներից լուր չունի Լարիսա Մանուչարյանը։ Հիվանդանոցից հիվանդանոց է գնում, գուցե դրանցից մեկում անգիտակից կամ անճանաչելի երիտասարդներ լինեն, գուցե իր որդիները լինեն, գուցե ձայն տան. - «Ոչ մեկի տեղը չգիտենք»:

«Հատկապես այսպիսի խորն այրված ստացած մարդու համար ճակատագրական է առաջին 24 ժամը, եթե արագ ու պատշաճ բուժօգնություն տրամադրվեր՝ մահվան ու ծանր դեպքերն ավելի քիչ կլինեին»,-ասում է Այրվածքաբանականի տնօրենն ու շարունակում՝ Ստեփանակերտի բժիշկները կաշվից դուրս են եկել ու արել հնարավորը, պարզապես ավելի քան 10 ամսվա բլոկադայում գտնվող Արցախում ոչ դեղեր էին մնացել, ոչ էլ անհրաժեշտ միջոցներ։ Երևանից հեռախոսով ու տեսազանգերով են փորձել աջակցել, բայց տեղի բժիշկները միայն դեղի կարիք ունեին, որը չկար։

XS
SM
MD
LG