Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել է օրակարգում ընդգրկված 20-ից ավելի հարց, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում բազմակողմ փոխգործակցության զարգացման, ՀՕՊ միացյալ համակարգի «Տարածաշրջանային անվտանգություն-2022» համատեղ համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժության անցկացման, ՌՔԿՊ զորքերի՝ համաճարակի դեմ ուղղված պայքարի, համատեղ ինժեներական ստորաբաժանումների մարդասիրական ականազերծման, զինված ուժերի համար զինվորական կադրերի համատեղ պատրաստման, ընթացիկ տարում կայացած միջազգային բանակային խաղերի արդյունքների և այլ հարցերի վերաբերյալ:
Նիստի ավարտին ստորագրվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի բոլոր որոշումները, այդ թվում նաև 2022 թվականի աշխատանքային պլանը: