Անհետ կորածների հարազատները դարձյալ Հերացի դատաբժշկական կենտրոնի դռներին են։ 23-ամյա Բերտայի հայրը, երկու եղբայրները և ընդամենը 25 օրվա ամուսինը չկան՝ Ասկերանի վառելիքի պահեստի պայթյունից հետո:
Արցախի անկումից շաբաթներ անց հարյուրավոր զոհերի, անհետ կորածների տվյալներ չեն հրապարակվում։ Լուծարված Արցախի լուծարված Քննչական կոմիտեի փոխնախագահ Արսեն Բարսեղյանն ասում է՝ առաջիկա օրերին կոմիտեի անձնակազմը պիտի Երևանում աշխատեն, բարդ է՝ մի քանի օրում լայնածավալ մարտական գործողություններ ու վառելիքի պահեստի ողբերգական պայթյունը:
«Մի մասը մորգից են ուղարկել, մի մասը՝ ուղղաթիռով, մի մասը ստեղ ա մահացել: Զոհերի մեջ կան անհայտ կորածներ, դիակը գտնվել ա, անճանաչելի ա», - ասաց Բարսեղյանը:
Մարտական գործողությունների հետևանքով 200 զոհի մասին ի սկզբանե էր հայտարարվել, հետո երբ որոնողական աշխատանքներն սկսվեցին՝ տասնյակ մարմիններ դուրս բերվեցին Արցախի տարբեր շրջաններից: Բենզինի պահեստի հրդեհի հետևանքով 68 հոգու մահվան մասին հենց դեպքի հաջորդ օրը հայտարարվեց, նաև 105 անհետ կորածների մասին։
Ծանր վիրավորում ու այրվածքներ ստացած արցախցիները Երևանյան բուժհաստատություններ տեղափոխվեցին, սակայն Առողջապահության նախարարությունը մինչև այժմ միայն միացյալ թվեր է հրապարակում՝ պատերազմից ու հրդեհից տուժած 345 հոգի է բուժօգնություն ստանում, 37-ը ծայրահեղ ծանր վիճակում է, 24 հոգի մահացել է։
Նորիկ Մելքումյանը օրեր շարունակ 36-ամյա եղբորն էր փնտրում հիվանդանոցներում, դիահերձարաններում, տղամարդը պայթյունից հետո խոսել էր հարազատների հետ, հետո նրան ուղղաթիռով տեղափոխելիս էին տեսել:
Օրեր անց միայն պարզվեց՝ եղբայրը ուղղաթիռում մահացել է, ընտանիքն անտեղյակ շարունակում էր փնտրել նրան ողջերի ու մեռածների մեջ։ Նորիկն էլ ողբերգության օրը պահեստի տարածքում է եղել, ասում է՝ միայն տղամարդիկ չէին, նաև կանայք, երեխաներ՝ շատերի ճակատագիրը մինչ օրս անհայտ է:
«Ինձ էլ փրկեք»՝ տարբեր տեղերից գոռում էին, ես էլ էի վառվում արդեն, երկու հոգու եմ կարողացել հանեմ», - պատմեց Նորիկը:
Արցախի փրկարար ջոկատները երեկ գիշեր դադարեցրել են աշխատանքն ու Հայաստան եկել։ Ներքին գործերի նախարարության խոսնակն ասում է՝ վերջին օրերին արդեն մարմին, աճյուն չէր գտնվում։ Այն ինչ գտնվել է՝ դատաբժշկական կենտրոնում է նույնականացման համար։
Անժելա Հովհաննիսյանի որդին ու թոռը չկան։ Սամվել Հայրապետյանի՝ ազգականը. - «Ոչ մի տեղեկություն չկա»:
Մարտադաշտից տուն չեկածներին մայրերը Ստեփանակերտում երկար սպասեցին. - «Ոսկորները բերեք, նոր ես իմանամ՝ մահացած ա, հելնեմ գնամ»:
Ի վերջո՝ տեղահանվեցին վերջին ավտոբուսներով, սպասելու այստեղ՝ Հայաստանում։ Կարմիր խաչի երևանյան գրասենյակը ամեն օր հարյուրավոր զանգեր է ստանում՝ անհետ կորածների հարազատներն են։ Արցախյան աղետում զոհված, հրդեհված մարդկանց թիվը պարզ կդառնա գենետիկ փորձաքննությունների ավարտից հետո։