Մատչելիության հղումներ

Ո՞վ հանձնեց Արցախը և ո՞վ է հողատուն. ընդդիմությունն ու իշխանությունն իրար են մեղադրում


Շարունակելո՞ւ է արդյոք պաշտոնական Երևանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում բարձրացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը, թե՞ այն հայկական կողմի օրակարգից դուրս է եկել։ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն այս հարցին միանշանակ պատասխան չունեն։

Խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասաց, որ դեռ պետք է գնահատեն՝ արդյո՞ք արժե, որ Հայաստանի իշխանությունը շարունակի բանակցային ռեսուրս ծախսել այդ հարցի վրա։ Ճանաչելով Արցախը Ադրբեջանի մաս՝ Հայաստանի իշխանությունները մինչև Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը, պնդում էին, թե Բաքվի հետ բանակցում են Լեռնային Ղարաբաղի իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմ ստեղծելու հարցի շուրջ։ Բաքուն կտրականապես մերժում էր Երևանի այդ առաջարկը։

«Ազատություն». - Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը բանակցային գործընթացի բաղադրիչներից մեկն էր, հիմա դա արդեն դուրս եկա՞վ:

Խանդանյան. - Ես չեմ կարող ասել՝ դա լրիվ դուրս եկավ, թե՝ ոչ, բայց դա նաև կախված է մեր հայրենակիցների, քույրերի ու եղբայրների կամքից՝ արդյո՞ք նրանք պատրաստ են վերադառնալ: Երաշխիքների մասին մենք խոսել ենք ու կոչ ենք արել Ադրբեջանին, ու միջազգային հանրությունը ևս կոչ է արել Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղի հայերին նստել սեղանի շուրջ և խոսել այդ մասին: Ցավոք սրտի, չստեղծվեցին, և հիմա մենք պետք է գնահատենք՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը պետք է բանակցային ռեսուրս ծախսի ու շարունակի դրա վրա ֆիքսվել:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այս պահին արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադարձի հնարավորություն չի տեսնում, իսկ հետագայի մասին խոսելը շուտ է համարում։

Խանդանյան. - Այն իրավիճակում, որում այս մարդիկ բռնի տեղահանվել են Հայաստան, ես այս պահին վերադարձի հնարավորությունների չեմ տեսնում:

«Ազատություն». - Ընդդիմությունն ասում է՝ դուք մենակ թողեցիք արցախցիներին, դրա համար մենք այսօր ունենք այս իրավիճակը, եթե չթողնեիք մենակ, ապա մարդիկ էթնիկ զտման չէին ենթարկվի:

Խանդանյան. - Ընդդիմությունը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ բավականին մեծ ոգևորություն ուներ, և ես կարծում եմ, քաղաքական բարոյականության տեսանկյունից ընդդիմությունը ընդհանրապես պետք է ասելիք չունենա:

«Ազատություն». - Ընդդիմության ոգևորությունը նպաստե՞ց նրան, ինչ որ այսօր ունեցանք:

Խանդանյան. - Ոչ միայն, իհարկե, այստեղ մենք չենք կարող չխոսել և պետք է շարունակաբար խոսենք Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունից, էթնիկ զտման քաղաքականությունից, նաև ռուս խաղաղապահների անգործությունից, բայց նաև այն ներքաղաքական գործընթացները, որոնք տեղի ունեցան Լեռնային Ղարաբաղում, ինչ-որ առումով աքսելերացրին այս գործընթացը:

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից մինչդեռ հակադարձում են՝ հայաստանյան ընդդիմությունը որևէ կերպ առնչություն չի ունեցել մինչև ադրբեջանական հարձակումը Արցախում տեղի ունեցած քաղաքական գործընթացների հետ։

Դաշնակցական Արթուր Խաչատրյանի խոսքով՝ իշխանափոխություն Արցախում տեղի չէր ունեցել, ինչպես պնդում է իշխանությունը։ Արցախի քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխանական, բացառությամբ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ղեկավարած ուժի, որոշել են Ազգային ժողովի, ապա և Արցախի նոր նախագահ ընտրել, քանի որ Արայիկ Հարությունյանն ու Արթուր Թովմասյանը հրաժարական էին տվել և պետք էր երկիրը կառավարել։

Սեպտեմբերի 9-ին Սամվել Շահրամանյանի՝ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները շնորհավորեցին Շահրամանյանին՝ հույս հայտնելով, որ Արցախի նոր նախագահին կհաջողվի երկիրը դուրս բերել ծանր վիճակից։

«Շանորհավորանքի պատճառով դա չեղավ, Հայաստանը Պյուղատոսի նման ձեռքերը լվաց և Արցախի հայերին թողեց ադրբեջանական բորենիների հոշոտմանը», - նշեց Խաչատրյանը:

Ընդդիմությունն ու իշխանությունը դեռ առավոտից էին մեղադրանքներ փոխանակում ո՞վ հանձնեց Արցախը և ո՞վ է իրական հողատուն հարցի շուրջ։ Նիստի հենց սկզբում վեճի առիթ դարձավ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն դիտարկումը, որ Արցախում ստեղծված իրավիճակը քննարկելու ու սեպտեմբերի 19-ի հարձակման զոհերի հիշատակը հարգելու փոխարեն իշխանությունը բոլորովին այլ հարցերով է զբաղված։

Զոհվածերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելը միակ հարցն էր, որի շուրջ այսօր խորհրդարանում երկար բանավեճից հետո իշխանությունն ու ընդդիմությունն ի վերջո համաձայնության եկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG