Մատչելիության հղումներ

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա «հարձակում գործած Իրանի քաղաքացին կենթարկվի մահապատժի»


Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա ահաբեկչություն իրականացրած Իրանի քաղաքացի Յասին Հուսեյնզադեն մահապատժի կենթարկվի, հայտնում է Ադրբեջանի AzTV պետական հեռուստատեսությունը:

Ըստ լրատվամիջոցի՝ նման որոշում է կայացրել Իրանի գերագույն դատարանը։

Հունվարի 27-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդել էր Թեհրանում երկրի դեսպանատան վրա զինված հարձակման մասին, որի հետևանքով զոհվել է դիվանագիտական առաքելության անվտանգության ղեկավարը, իսկ հարձակումը հետ մղելիս վիրավորվել են դեսպանատան անվտանգության ևս երկու աշխատակից։

Ադրբեջանի նախագահը դատապարտել էր զինված հարձակումը՝ այն որակելով ահաբեկչություն և պահանջել դրա անհապաղ հետաքննությունը, ինչպես նաև պատժել մեղավորներին։

Հունվարի 29-ին Թեհրանում երկրի դեսպանատան աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները՝ ընդհանուր առմամբ 53 մարդ, տարհանվել էին Բաքու։ Արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը լրագրողներին ասել էր, որ դեսպանությունն ամբողջությամբ դադարեցրել է դիվանագիտական գործունեությունը։

XS
SM
MD
LG