Եվրամիությունը Միացյալ Նահանգների հետ միասին ապակայունացնում է Հարավային Կովկասը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցած ասուլիսին։
«Այժմ Բրյուսելն իր միջնորդական ծառայություններն է պարտադրում Ադրբեջանին և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ միասին ապակայունացնելով Հարավային Կովկասը»,- ասել է Լավրովը։
Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը նաև պնդել է, թե արևմտամետ հզոր լոբբի է աշխատում Հայաստանում ընդդեմ Ռուսաստանի ազդեցության։
«Հայաստանում, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության մի շարք այլ երկրներում կա հզոր լոբբի հասարակական կազմակերպությունների տեսքով, ստեղծված այդ թվում՝ արևմտյան բազմաթիվ հիմնադրամների միջոցով, և առաջ են մղում Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների շահերը։ Իսկ այդ շահերը «Ռուսաստանի ազդեցությունը խաթարելու» համար են», - հայտարարել է նախարարը։
«Հիմա, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի, դրա հաստատման, վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբն ամեն կերպ կնպաստի դրան»,- ասել է Լավրովը։
Թե ինչպես է 2020 թվականի նոյեմբերին 5 տարի ժամկետով Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ զորախումբը «նպաստելու» Երևանի ու Բաքվի միջև վստահության ամրապնդմանը, ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը չի պարզաբանել։