Մատչելիության հղումներ

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին, կա մեկ զոհ


ՌԴ Սևծովյան նավատորմի կենտրոնակայանը հրթիռակոծվել է, Սևաստոպոլ, 22 սեպտեմբերի, 2023թ.
ՌԴ Սևծովյան նավատորմի կենտրոնակայանը հրթիռակոծվել է, Սևաստոպոլ, 22 սեպտեմբերի, 2023թ.

Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Սևաստոպոլում գտնվող Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանի շենքին:

Մի բեկոր Սևաստոպոլում ընկել է Լունաչարսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մոտ:

«Թշնամին հրթիռային հարված է հասցրել նավատորմի շտաբին: Բոլոր օպերատիվ ծառայությունները մեկնել են տեղամաս: Զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են»,- Տելեգրամ-ալիքում գրել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը:

Նրա փոխանցմամբ, հնարավոր է ևս մեկ հարձակում: Նա այդ կապակցությամբ բնակիչներին խնդրել է չմեկնել քաղաքի կենտրոն և դուրս չգալ տներից:

«Ով գտնվում է նավատորմի շտաբի մոտ, երբ հնչում է տագնապի ազդանշանը, գնացեք ապաստարաններ»,- նախազգուշացրել է Ռազվոզժաևը:

Հաղորդվում է, որ հրթիռակոծման վայր են մեկնել շտապօգնության մեծ թվով մեքենաներ: Պայթյունից սկսվել է հրդեհ, որը հիմա մարում են:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տելեգրամ-ալիքի փոխանցմամբ, հրթիռի հարվածից զոհվել է մեկ զինծառայող:

Սևծովյան նավատորմի շտաբը գտնվում է Սևաստոպոլի պատմական կենտրոնում, դրա հարևանությամբ գտնվում են մեծ թվով քաղաքացիական օբյեկտներ:

XS
SM
MD
LG