Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը հաղորդում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ու վիրավորների մասին


Պաշտոնական Ստեփանակերտը հաղորդում է քաղաքացիների շրջանում բազմաթիվ զոհերի ու վիրավորների մասին։

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, զոհերի թիվը հասել է 5-ի, կա 80 վիրավոր, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ։

Ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակահերթի է ենթարկել քաղաքացիական բնակավայրերը, ինչի հետևանքով զոհեր ու վիրավորներ կան ոչ միայն զինվորականների, այլև նաև խաղաղ բնակչության շրջանում։

«Ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ մեր հավաքագրած տեղեկատվության համաձայն շուրջ 23 քաղաքացիական անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ, որոնց մեջ նաև՝ 8 երեխաներ: Ունենք նաև երկու զոհ քաղաքացիական անձանց շրջանում, որոնցից մեկը երեխա», - նշեց Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը:

Արցախի «Արևիկ» մանկական բուժմիավորումից տեղեկացնում են, որ այս պահին վիրավորներից 3 -ը գտնվում են ծանր վիճակում. - «Արևիկ» բուժմիավորում այս պահին ընդունվել է 9 հիվանդ, որոնցից 6-ը միջին ծանրության այս պահի դրությամբ, մարմնի տարբեր մասերի բեկորային վնասվածքներով: 9 հիվանդից 3-ը գտնվում է ծանր վիճակում, որոնցից մեկը գտնվում է վիրահատարանում ու վիրահատվում է՝ ներքին արյունահոսություն ախտորոշմամբ, մեկ երեխա արդեն վիրահատվել է կրծքավանդակի թափանցող բեկորային վնասվածքով, մեկ երեխա էլ ծանր գանգուղեղային վնասվածքով պատրաստվում է վիրահատության»:

Ստեփանակերտը օրվա երկրորդ կեսին հայտնեց, որ Ադրբեջանը ժամը 1-ի դրությամբ լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի նկատմամբ, օգտագործելով հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, Արցախի տեղեկատվական շտաբը մարդկանց հորդորել էր մնալ ապաստարաններում։

Պաշտոնական Բաքուն հաղորդեց Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին՝ շեշտելով, որ այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը։

Ժամեր անց Արցախի ռազմական գերատեսչությունը հայտնեց, որ Ադրբեջանի զինուժը փորձում է առաջանալ Արցախի բանակի պաշտպանության խորքը, հաղորդվում էր, որ Արցախի զինված ուժերը համառ դիմադրություն են ցուցաբերում։ Արցախի զինված ուժերի շրջանում կորուստների կամ գրավված տարածքների մասին պաշտոնապես Պաշտպանության բանակը այս պահի դրությամբ չի հաղորդել։

Արցախի հանրային հեռուստատեսությունը կադրեր է հրապարակել վիրավոր երեխաներին ու քաղաքացիներին հիվանդանոց տեղափոխելու և Ստեփանակերտի բնակելի շենքի ավերվածություններից։ Մարդիկ պատմում են, թե ինչպես են երեխաները վիրավորվել, չեն հասցրել անգամ փախչել ադրբեջանական կրակահերթերից։

Մինչև ռազմական գերատեսչությունը պաշտոնապես կհաստատեր, որ ադրբեջանը լայնածավալ գործողություններ է սկսել, ժամը մեկի սահմաններում արցախցիներն արդեն ահազանգում էին, որ Ստեփանակերտը ռմբակոծության տակ է, քաղաքի տարբեր հատվածներում պայթյուններ են լսվում, մարդիկ շտապում են նկուղներ։

Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը մի քանի բառ փոխանցեց «Ազատությանը»՝ կռիվ է, վիրավորներ կան:

Արցախցի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանն «Ազատության» փոխանցեց, որ պատերազմ է, ամբողջ Ստեփանակերտը ռմբակոծում են բոլոր կողմերից, մարդիկ իրենց երեխաներին չեն գտնում, երեխաները՝ իրենց ծնողներին: Ըստ պատգամավորի, սարսափելի վիճակ է, մի կաթիլ բենզին չկա որ գնան երեխաներին փնտրեն, իսկ փողոց դուրս գալ հնարավոր չէ, ռմբակոծություն է:

«Պատերազմ է Արցախում, ավելի ահավոր, քան սեպտեմբերի 27-ին, ամբողջ Ստեփանակերտը ռմբակոծում են բոլոր կողմերից», - ասաց Հակոբյանը:

Օրվա երկրորդ կեսին հաղորդվեց, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը շտապ Անվտանգության խորհրդի նիստ է գումարել ու քննարկել ստեղված վիճակն ու անելիքները։ Ադրբեջանի գործողությունները «էթնիկ զտում և ցեղասպանություն» որակելով՝ պաշտոնական Ստեփանակերտը կոչ Է արել միջազգային դերակատարներին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Արցախի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու համար։ Արցախի նախագահը բանակցությունների միջոցով բոլոր հարցերի լուծումը գտնելու պատրաստակամություն է հայտնել։

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի փոխանցմամբ՝ իրադրությունը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Ադրբեջանական գործողությունների հետևանքով այս պահին Արցախում դիրքային լուրջ խնդիրներ կան, փորձում են տարբեր կարևոր հանգույցների նկատմամբ վերահսկողության հասնել, ինչը, ըստ Տիգրան Աբրահամյանի, որոշ տեղեկությունների համաձայն, որոշ հատվածներում արդեն հաջողվել է:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG