Մատչելիության հղումներ

Մոսկվայից վստահեցնում են՝ ռուս խաղաղապահները «շարունակում են իրականացնել իրենց գործառույթները»


Ռուսաստան, Մոսկվա, Կրեմլ, արխիվ
Ռուսաստան, Մոսկվա, Կրեմլ, արխիվ

Կրեմլը չի հաստատում Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ սկսելուց առաջ Բաքուն այդ մասին տեղյակ է պահել ռուսական խաղաղապահ առաքելությանը։ «Չեմ կարող հաստատել, որ մենք նախապես տեղեկացվել ենք», - ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մինչդեռ, նույն հարցին ի պատասխան ասել էր, թե Ռուսաստանը տեղեկացվել է, միայն թե դա տեղի է ունեցել ռազմական գործողությունների մեկնարկից «րոպեներ առաջ»։

«Ի՞նչ են անում և ինչպե՞ս են արձագանքում արյունահեղությանը խաղաղապահները» հարցին ռուս պաշտոնյաներն արձագանքել են՝ նրանք շարունակում են իրականացնել իրենց գործառույթները։ Առաքելության կատարած քայլերի մասին հստակ տեղեկատվություն, սակայն, Պեսկովն ու Զախարովան չեն տրամադրել, լուռ է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Հայաստանի վարչապետը, մինչդեռ, պնդում է՝ հայկական կողմը ռուս խաղաղապահներից կոնկրետ ու շոշափելի քայլեր է ակնկալում. - «Եվ ինչպես արդեն Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշված է, մենք կարծում ենք, որ առաջինը՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն»:

Ղարաբաղում իրավիճակի կտրուկ վատթարացման ֆոնին Մոսկվան այսօր վերստին հայտարարեց, թե կարգավորման հենքը Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև ստորագրված եռակողմ հայտարարություններն են։

«Մենք այժմ կենտրոնանում ենք դրանց վրա», - ասել է ՌԴ նախագահի խոսնակը՝ մեկնաբանելով Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնելու Անկարայի առաջարկը. - «Փաստն այն է, որ կա բավականին կուռ և իրագործելի հիմք՝ եռակողմ փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերի հիման վրա էլ պետք է համաձայնություն ձեռք բերվի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը վերադառնալու համար»:

Թեև փաստացի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ռուսաստանը պարտավորվել է ապահովել Ղարաբաղի հայերի անվտանգությունը, ո՛չ Զախարովան, ո՛չ Պեսկովն այսօր հասցեական չեն դատապարտել Ադրբեջանին։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները մինչ այս պահը ընդամենը դիմել են կողմերին՝ արյունահեղությունը դադարեցնելու կոչով։

Պաշտոնական Երևանը հակադարձել է․ - «Հայաստանի զինված ուժերը ներգրավված չեն ռազմական գործողություններում: ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել առկա բոլոր հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծմանը՝ համապատասխան առաջարկներով», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը։

Հայաստանի վարչապետը ևս պնդեց, որ ռազմավարական դաշնակցի այս պահվածքը տարակուսելի է․ - «Եվ նաև մեզ համար տարօրինակ և տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանը այդ գործողությունների մեկնարկի մասին տեղյակ է պահել պաշտոնապես Ռուսաստանի Դաշնությանը՝ իհարկե, սա Ադրբեջանի վարկածն է, տեղեկատվությունն է, և ուզում եմ սրա վրա ուշադրություն հրավիրել, սակայն փաստն այն է, որ մենք գոնե այդ գործողության մասին Ռուսաստանի մեր գործընկերներից որևէ տեղեկատվություն չենք ստացել»:

Օրվա ընթացքում հաղորդվեց, որ Հայաստանի վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահողներից երկուսի՝ Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի ղեկավարների հետ։ Մոսկվայի հետ շփումների մասին, սակայն, Երևանը չի հաղորդել։

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն, իր հերթին, ասել է, թե կապի մեջ է կողմերի հետ՝ առանց հավելյալ մանրամասների. - «Մենք կապի մեջ ենք Ադրբեջանի հետ և գիտենք ինչ է պետք անել իրավիճակը կարգավորելու համար՝ կատարել պայմանավորվածությունները և չհրահրել իրավիճակը»:

Այսօր Ղարաբաղում իրավիճակի սրմանն անդրադարձել է նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ իր տելեգրամյան ալիքում։

«Մի օր եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ասաց. - «Դե, ես քեզ համար օտար եմ, դու ինձ չես ընդունի»: Ես պատասխանեցի. - «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ՝ գործողություններով»:
Հետո նա պարտվեց պատերազմում, հետո որոշեց իր պարտության մեջ մեղադրել Ռուսաստանին։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։ Հետո նա որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, և նրա կինը ցուցադրաբար գնաց մեր թշնամիների մոտ՝ թխվածքաբլիթներով:

Գուշակեք , թե ինչ ճակատագիր է նրան սպասում...», - գրել է Ռուսաստանի նախկին նախագահը՝ որևէ կերպ չանդրադառնալով Ղարաբաղի ժողովրդի դեմ սկսված ռազմական գործողություններին։

Երբ Մեդվեդևը Ռուսաստանի նախագահն էր, նա տասնյակից ավելի եռակողմ հանդիպումներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, և Մոսկվայում նույնիսկ կատակում էին, թե Մեդվեդևն ուզում է Նոբելյան մրցանակ ստանալ Ղարաբաղի հարցը կարգավորելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG