Մատչելիության հղումներ

Արթուր Հարությունյանը նշանակվեց Արցախի պետնախարար


Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով Արթուր Հարությունյանը նշանակվել է պետնախարար։

Արցախի պետնախարարը համակարգելու է առողջապահության,
արդարադատության, գյուղատնտեսության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, սոցիալական զարգացման և միգրացիայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, քաղաքաշինության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների գործունեությունը, հայտնում է Արցախի նախագահի գրասենյակը: Ուժային և դիվանագիտական գերատեսչությունները պետնախարարը չի համակարգում:

Արթուր Հարությունյանը, ով, ի դեպ, ազգակցական կապեր ունի Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, նախկինում մի շարք բարձր պետական պաշտոններ է զբաղեցրել՝ այդ թվում օպերատիվ հետախուզության վարչության պետ, ֆինանսների նախարար։ Մինչ պետնախարարի պաշտոնում նշանակվելը խորհրդարանում ներկայացնում էր մեծությամբ առաջին խմբակցությունը՝ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը։ Սեպտեմբերի 11-ին նա հրաժարականի դիմում ներկայացրեց։ Հարությունյանը նաև խորհրդարանի Ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր։

Արցախի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականից ի վեր Արցախում խոսակցություններ էին շրջանառվում պետնախարարի պաշտոնում հենց Հարությունյանին նշանակելու մասին։

Պետնախարարի պաշտոնը Արցախում գործում է 2018 թվականից՝ կառավարման համակարգի փոփոխության արդյունքում։ Վերջին հինգ տարվա ընթացքում Հարությունյանն այդ պաշտոնում նշանակված 6-րդ գործիչն է։

XS
SM
MD
LG