Գետքի միջնակարգ դպրոցի ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները այսօր առավոտյան փակել էին Գյումրի-Արմավիր ճանապարհը. իմացել էին, որ իրենց դպրոցը ևս հայտնվել է մինչև 2026 թվականը մարզի 46 միավորվող դպրոցների ցանկում։
Միավորվում են 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները, իսկ մոտ 500 բնակիչ ունեցող Գետքում 71 աշակերտ կա։ Գյուղում դեմ են հարևան գյուղեր դպրոց գնալու տարբերակին, եթե նույնիսկ տրանսպորտի հարցը լուծեն։
Աշակերտները իշխանություններից պահանջում էին իրենց կրթություն իրավունքը չոտնահարել. - «Մենք կրթություն ենք ուզում ստանալ, մեր դպրոցը փակում են»:
Իրենց իրավունքներից տեղյակ աշակերտները նաև գիտեին, որ կառավարությունը մի քանի միլիոն դոլար է ծախսում ամերիկացի ռեփերի երևանյան համերգի համար. հարցնում էին՝ այդ դեպքում ինչո՞ւ սահմանամերձ գյուղի դպրոցը պահելու գումար չեն գտնում:
«Սնուփ Դոգն ինչքան գիտեմ սեպտեմբերի վերջին գալու է, որ համերգ տա, պետության համար կրթությունն, ըստ իս, ամենակարևորն է, խնդրում եմ, էդ հսկայական գումարները թող ֆինանսավորվեն իմ դպրոցի համար», - ասաց աշակերտիներից մեկը:
Ցուցարարները ճանապարհը բացեցին, երբ մարզպետարանի ներկայացուցիչներն եկան։ Երեխաները վերադարձան դասարան, իսկ ծնողներն ու մանկավարժները հանդիպման։ Գետքի բնակիչներն ասում էին՝ եթե հայ-թուրքական սահմանից 2 կմ հեռու գտնվող գյուղի դպրոցը փակվի, գյուղը պարզապես կդատարկվի։
Մարզպետարանի կրթության վարչության ներկայացուցիչ Գևորգ Ղումաշյանը ներկայացրեց կրթության նախարարի հրամանը, ըստ որի էլ իրականացվելու է կրթության որակի բարելավման ծրագիրը։
«Որ հենց էսօր, վաղը, հենց հոկտեմբերի 1-ին ձեր դպրոցը միավորվելու է, թե՝ ոչ, պատասխանում եմ՝ ոչ: Սա մինչև 26-27 ուսումնական տարվա ծրագիր է, տանում ենք համապատասխան աշխատանքներ», - ներկայացրեց Ղումաշյանը:
Արդեն իսկ միավորվող դպրոցների հետ կազմվում է առաջարկների փաթեթ, որը կներկայացվի մարզպետին, վերջինն էլ իր վերադասին։
Գետքի բնակիչները հայտարարեցին՝ դպրոցի հարցում անզիջում են, թող իշխանությունները փափուկ բարձ չդնեն իրենց գլխի տակ։