«Իհարկե, մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի թուլանում և նույնիսկ որոշ հատվածներում աճի միտում ունի: Չնայած ամեն ինչին՝ Ռուսաստանը շարունակում է մնալ անվտանգության հուսալի երաշխավորը», - այսօր ամենօրյա ճեպազրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման մասին հարցին։
«Մենք շարունակում ենք մեր շփումները և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ և, իհարկե, կոչ ենք անում երկուստեք զսպվածություն դրսևորել և գործել երկու տարի առաջ ստորագրված եռակողմ փաստաթղթերի ոգով, իհարկե, հաշվի առնելով այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել դրանից հետո»,- հավելել է Պեսկովը՝ կրկնելով «նոր իրողություններ» վերապահումը, ինչը վերջին շրջանում Ռուսաստանում՝ Պուտինից սկսած պնդում են, երբ անդրադառնում են եռակողմ հայտարարությանը։
Հայկական կողմը պնդում է եռակողմ հայտարարության դրույթների անշեղորեն կատարումը առանց լրացուցիչ մեկնաբանությունների։
Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ընդունելով Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովին և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովին, ընդգծել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը և կարևորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը։
Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարն ու ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարը Երևան են ժամանել Բաքվից, որտեղ հանդիպել էին Ադրբեջանի պաշտպանության նախարարին։
Երևանում կայացած այսօրվա հանդիպմանը Սուրեն Պապիկյանը ռուսաստանցի զինվորականներին նաև ներկայացրել է սահմանների երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի տեղաշարժերի և կուտակումների, պարբերաբար իրականացրած սադրանքների, հայկական դիրքերի ուղղությամբ հրաձգության և դրան զուգահեռ ապատեղեկատվության հաճախակի տարածման վերաբերյալ տվյալներ:
Ադրբեջանական զորքերի կուտակումները փաստորեն ընդունել է նաև Բաքուն։ Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն, արձագանքելով Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակ Անն-Կլեր Լեժանդրի սեպտեմբերի 12-ին մամուլի ասուլիսում արված Ղարաբաղի շրջափակման, հումանիտար ճգնաժամի ու ադրբեջանական զորքերի տեղաշարժերի մասին հայտարարություններին, ասել է․ - «Ադրբեջանը իրավունք ունի իր ինքնիշխան տարածքում ցանկացած ուղղություններով տեղաշարժել իր ուժերը՝ վարժանքների, ինչպես նաև սեփական սահմանների անվտանգությունը ապահովելու նպատակով, ու այդ հարցում միջամտությունը անթույլատրելի է»։