Մատչելիության հղումներ

Անկարան դատապարտել է Լեռնային Ղարաբաղում այսօր անցկացված նախագահական ընտրությունները


Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է հայտարարություն, որով դատապարտել է Լեռնային Ղարաբաղում այսօր անցկացված նախագահական ընտրությունները:

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիան դա որակել է «տարածաշրջանում ստեղծված իրավիճակը լեգիտիմացնելու փորձի նոր դրսևորում, որը հակասում է միջազգային իրավունքին»:

Ըստ Անկարայի՝ «այդ քայլը [ընտրություններն Արցախում] միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ սկզբունքների խախտում է»:

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը դատապարտել է այդ ընտրությունները և դրանք գնահատել որպես Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ գործընթացը խաթարելու փորձ:

«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը չճանաչել այդ «ընտրությունները»: Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունների գործընթացին և համոզված է, որ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեծապես կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը», - հայտարարել է Թուրքիայի արրտաքին գործերի նախարարությունը:

Արցախի Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում, գաղտնի քվեարկությամբ, Սամվել Շահրամանյանին ընտրեց Արցախի նախագահ։ Ընտրությունից ժամեր անց Բաքուն կոչ արեց միջազգային համայնքին դատապարտել Ղարաբաղի ընտրությունները:

XS
SM
MD
LG