Մատչելիության հղումներ

«Ոչ ոքիի խաղ էր։ Արդար արդյունք է»․ Ալեքսանդր Պետրակովը՝ երեկ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մասին


Պատմական արդյունք, բայց ափսոսանք՝ հաղթանակը ձեռքից բաց թողնելու համար. Թուրքիա-Հայաստան՝ 1-1, երկրպագուներն արդյունքից գոհ են, թիմի խաղից նույնպես, սակայն, 3 միավորից ընդամենը րոպեներ էին բաժանում։

Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում երեկ կայացած հանդիպումն, ինչպես և սպասվում էր, անցավ թեժ ու լարված մթնոլորտում։

Երկրորդ խաղակեսի սկզբին Նաիր Թիկնիզյանի եզրից կատարած փոխանցումից հետո հաշիվը բացեց 33-ամյա Արտակ Դաշյանը։ Հաջորդ 40 րոպեների ընթացքում ընտրանին դիմանում էր Թուրքիայի ճնշմանը, առավելությունը կրկնապատկելու հնարավորություն էլ կար։ Բայց հանդիպման ամենավերջում գոլ բաց թողեց։ Առաջին անգամ Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային։

«Ոչ ոքիի խաղ էր։ Արդար արդյունք է», - խաղից հետո ասաց ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

«Այո՛, Թուրքիան ավելի շատ էր գնդակին տիրում, մենք դրսում էինք խաղում, շատ լավ թիմի դեմ, որն ընդհանուր տրանսֆերային արժեքով մի քանի անգամ գերազանցում է մեզ։ Արդյունքի համար էինք խաղում, պետք է օգտագործել եղած ուժերն ու ռեսուրսները», - ասաց մարզիչը՝ շարունակելով․ - «Ես Ֆրանսիայի կամ Բրազիայի հավաքականը չեմ մարզում, այլ՝ Հայաստանի, ես լարվում եմ, արդյունքի համար անհանգստանում, նաև տղաների համար եմ անհանգստանում, որ նրանց մոտ ստացվի։ Ուզում եմ օգնել Հայաստանին, հայերին, ինձ շատ լավ են վերաբերվում, կարծում եմ սա հենց ֆուտբոլիստների մեծ հաջողությունն է»։

Գլխավոր մարզիչը գնահատականների հարցում զուսպ էր, իր սաների թույլ տված սխալների մասին խոսել չցանկացավ։

«Ես հիմա չեմ մեկնաբանի, պետք է քննեմ, նայեմ կրկին, հետո նոր ինչ-որ բան ասեմ, միշտ էլ բաց թողած գնդակը մի շարք սխալների հետևանք է լինում։ Մարդիկ հոգնում են, խաղի վերջն էր, ես երբեք չեմ մեղադրի իմ ֆուտբոլիստին», - ասաց Պետրակովը։


«Աթաթուրքի» անվան մարզադաշտում երեկ հայ երկրպագուներ չկային, ՈՒԵՖԱ-ի որոշումն էր՝ լարվածությունից խուսափելու համար։ Խաղի ընթացքում էլ տրիբունաներից պարբերաբար շշեր էին նետվում հայ ֆուտբոլիստների ուղղությամբ։

Հայ ֆուտբոլասերների աջակցությունը հավաքականը զգաց արդեն Երևան վերադառնալիս՝ «Զվարթնոց» օդանավակայանում։

Հաջորդ տարի Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության որակավորման փուլում իր խմբում այս հանդիպումից հետո Հայաստանն այժմ 7 միավորով երրորդն է, նույնքան միավոր ունի Խորվաթիան՝ ընտրանու առաջիկա մրցակիցը։ Խմբի առաջատարը Թուրքիան է՝ 10 միավորով։

«Եվրո 24-ի» ուղեգիր կնվաճեն ընտրական խմբերում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը։ Սեպտեմբերի 11-ին հավաքականը Երևանում կընդունի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիային։ Թուրքիան, որը մեկ խաղ ավելի էր անցկացրել, հաջորդ տուրը բաց կթողնի։

Երկուշաբթի կայանալիք հանդիպմանը խորվաթների գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչն է անդրադարձել։

«Հայաստանի հավաքականը հարգանքի է արժանի և լուրջ մրցակից է», - ասել մասնագետը՝ խոստովանելով՝ ի սկբզանե չէին սպասում, որ Հայաստանը ուղեգրի հավակնորդ է լինելու։

XS
SM
MD
LG