Մատչելիության հղումներ

Մոսկվայի նպատակը Երևանում այնպիսի ռուսական դպրոցներ ունենալն է, ինչպիսիք կային խորհրդային տարիներին. վերլուծաբան


Վերլուծաբան Արմեն Հովհաննիսյան
Վերլուծաբան Արմեն Հովհաննիսյան

Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռուսական դպրոցների շուրջ ընթացող բանակցությունների մասին հայտնի է դեռ անցյալ տարվանից։

Տաջիկստանում 5, Ղրղըզստանում 9, Հայաստանի հետ էլ երկխոսություն է ընթանում 4 ռուսական դպրոցի կառուցման շուրջ, հայտարարել է Ռուսաստանի Լուսավորության փոխնախարար Դենիս Գրիբովը։

Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռուսական դպրոցների շուրջ ընթացող բանակցությունների մասին հայտնի է դեռ անցյալ տարվանից, երբ դեկտեմբերին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում որոշվեց աշխատանքային խումբ ստեղծել ու քննարկել այդ հարցը։

Ժաննա Անդրեասյան
Ժաննա Անդրեասյան

Այսօր կրթության նախարարը հայտնեց, որ քննարկումները շարունակվում են. - «Քննարկում ենք հիմնականում երկու ուղղությամբ հարցերը։ Մեկը այն համագործակցությունն է, որ կարող ենք ունենալ մեր օրենսդրության շրջանակներում։ Ես արդեն խոսել եմ հայ-չինական դպրոցի մասին, որը գործում է մեզանում և շատ լավ օրինակ է նման համագործակցության։ Մենք հնարավոր ենք համարում նաև նմանատիպ համագործակցություն Ռուսաստանի Դաշնության հետ մեր օրենսդրության շրջանակներում»։

Ըստ Ժաննա Անդրեասյանի, նորություն կամ վերջնական պայյմավորվածություներ այս հարցում չկան։ Հայ-չինական դպրոցի օրինակը, որի մասին խոսում է նախարարը այսպիսին է։ Չինաստանը վերակառուցել է երևանյան կիսաքանդ դպրոցներից մեկի շենքը, որտեղ այժմ գործում է հայկական ծրագրով հանրակրթական դպրոց՝ ֆինանսավորվող երկու պետությունների կողմից։ Դպրոցում ուսումնասիրում են նաև չինարեն, ծանոթանում այդ երկրի մշակույթին, գործում է Չինաստամի մասին պատմող փոքրիկ թանգարան։

Համագործակցության հաջորդ հնարավորությունը, ըստ նախարարի, Հայաստան տեղափոված ռուսների կրթության հարցերի լուծման շուրջ է։ Ռուս-ուկրինական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ռուսների երեխաները հիմնականում հաճախում են Հայաստանի 45 դպրոցներում գործող ռուսական դասարաններ, որտեղ կրթությունն իրականացվում է ռուսաց լեզվով։

Արդյո՞ք հայակական կողմից առաջարկած համագործակցության տարբերակները կբավարարեն ռուսական կողմին։ Հայաստանում մասնագետները վստահ են, որ ոչ։

«Պարզ է, որ իրենց չի բավարարում այն լուծումը, որը գտել են Չինաստանի հետ։ Իրենց համար շատ կարևոր է ստեղծել ռուսալեզության արհեստական արեալ, որը բնականաբար, Հայաստանի Հանրապետության երեսնամյա գոյությունից հետո արհեստական է։ Հայաստանի Հանրապետությունը այս ճամբարում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ և այլն, միակ երկիրն է, որը ռուսալեզու չէ։ Երբ որ օրինակ են բերում՝ բա Ղազախստանում բացում են, Ղրղըզստանում բացում են և այլն, մոռանում են, որ այդ երկրների պաշտոնական լեզուներից մեկը ռուսերենն է», - ասում է տարիներ առաջ օտարալեզու դպրոցների բացման դեմ պայքարած վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով, Մոսկվայի նպատակն է Երևանում ունենալ այնպիսի ռուսական դպրոցներ, ինչպիսիք կային Խորհրդային Միության տարիներին, և այդպես աստիճանաբար վերականգնել Հայաստանում բնակվող ռուսախոսների շերտը, որոնց շարքերը տարիների ընթացքում նոսրացել են. - «Օբյեկտիվորեն դա կապված է նաև Ռուսաստանի Դաշնության դերի նվազումը աշխարհում տեխնոլոգիական, տեխնիկական, կրթական, գիտական, քաղաքական ոլորտներում։ Եվ հենց դա է ստիպում, որ իրենք ճնշում գործադրեն Հայաստանի վրա և, օգտվելով մեր ռազմաքաղաքական բարդ իրավիճակից, մեր թուլությունից, փորձել անցկացնել այն, ինչ որ տարիներով փորձել են դրանից առաջ»։

Մարտին Մոսկվայում Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովը շնորհակալություն էր հայտնել Հայաստանում ռուսերենի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար, խոսել էր նոր ռուսական դպրոցներ ստեղծելու աշխատանքների մասին։ Սա միակ դեպքը չէր, երբ Ռուսաստանի արտգործնախարարը անդրադարձել է այս թեմային. ռուսական նոր դպրոցներ ունենալու հեռանկարի մասին նա խոսել էր նաև 44-օրյա պատերազմից հետո։

Այսպիսի հայտարարություններն են ստիպում Հովհաննիսյանին եզրակացնել, որ ռուսական կողմը հետևողական է այս հարցում, չնայած ռուսական դպրոցների պահանջարկ Հայաստանում, ըստ մասնագետների, չկա։

«Հանրակրթության մասին» օրենքը հնարվորություն է տալիս Հայաստանում ունենալ միջպետական պայմանագրերով գործող 11 դպրոց, այս պարագայում չի գործի օրենքի պարտադիր պահանջը, որ Հայաստանի քաղաքացիները պետք է դպրոցում կրթություն ստանան հայերենով։

«Դրանք փաստորեն կարգավորվում են պայմանագրով։ Այս դեպքում պայմանագիրը «Լեզվի մասին» օրենքից և «Կրթության մասին» օրենքից ավելի բարձր է դասվում, և այդտեղի ուսուցման կանոնները և ձևաչափը որոշվում են այդ պայմանագրով։ Պատկերացրեք, որ դրանցից չորսը միանգամից ուզում են լրացնել ռուսները», - նշեց Արմեն Հովհաննիսյանը։

Արդյոք Մոսկվան ձգտում է հենց այսպիսի դպրոցներ ստեղծել Հայաստանում, առայժմ դեռ պարզ չէ։ Մինչ այդ հայտնի է, որ հայկական մեծ համայնք ունեցող Ռուսաստանում չի գործում անգամ որևէ մասնավոր դպրոց, որտեղ կրթությունն իրականցվում է հայերերով, թեև Ռուսաստանի օրենքները այդ հնարավորությունը չեն բացառում։

Հայկական մեծ համայնք ունեցող ռուսական որոշ քաղաքների մի քանի դպրոցներում կան հայերենի դասաժամեր, որոնք երեխաները կարող են սովորել ըստ ցանկության։

XS
SM
MD
LG