Իսրայել է ժամանել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ադրբեջանցի պաշտոնյայի այցը տեղի է ունենում Իսրայելից Ադրբեջան սպառազինության հնարավոր մատակարարումների շուրջ խոսակցությունների ֆոնին։
Հաղորդվում է, որ երեքշաբթի օրը Հաջիևը հանդիպում է ունեցել Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Ցախի Հանեգբիի հետ:
«Այսօր երեկոյան Երուսաղեմում էի Ադրբեջանի նախագահի խորհրդականի հետ բազմակողմ քաղաքական բանակցությունների համար»,- X-ի (նախկին Tweeter) իր էջում գրել է իսրայելցի պաշտոնյան՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները հետզհետե ավելի են ամրանում:
Ադրբեջանական կողմը Հաջիևի այցի օրակարգի վերաբերյալ մանրամասներ չի հայտնում:
«Ազատություն»-ը հաղորդել է, որ վերջին օրերին Բաքուն ակտիվացրել է թռիչքները դեպի իսրայելական «Օվդա» օդանավակայան․ ըստ իսրայելական աղբյուրների՝ «Օվդա»-ն երկրի միակ օդանավակայանն է, որն ունի թույլտվություն պայթուցիկ ռազմամթերքի արտահանման ու ներկրման համար։