Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ իր երեկոյան ելույթի ժամանակ ասել է՝ որոշել է պաշտոնանկ անել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ (Օլեքսիյ) Ռեզնիկովին։
Նրա տեղը կզբաղեցնի Պետական գույքի հիմնադրամի ղեկավար Ռուստեմ Ումերովը՝ Գերագույն Ռադայի կողմից նրա թեկնածությունը հաստատելուց հետո։
«Ալեքսեյ Ռեզնիկովն անցել է լայնածավալ պատերազմի այս ավելի քան 550 օրվա միջով։ Կարծում եմ, որ նախարարությանն անհրաժեշտ են նոր մոտեցումներ և փոխգործակցության այլ ձևաչափեր ինչպես զինվորականների, այնպես էլ ողջ հասարակության հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
«Այժմ նախարարությունը պետք է գլխավորի Ռուստեմ Ումերովը։ Ուկրաինայի Գերագույն Ռադան լավ է ճանաչում այս մարդուն, և պարոն Ումերովը լրացուցիչ ներկայացման կարիք չունի։ Ակնկալում եմ, որ խորհրդարանը կպաշտպանի այս թեկնածությունը։ Աշունն ամրապնդվելու ժամանակն է», - ասել է Զելենսկին։