Սոթքի զորամասի զինծառայող Նարեկ Պողոսյանի հայրը երեկ չի հետևել Պաշտպանության նախարարության հաղորդագրություններին, որոնցում իր որդին Սոթքի սահմանին զոհված զինծառայողների ցանկում ներառվեց, ապա երկու ժամ անց հայտարարեցին, թե զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումներից հետո։
22-ամյա զինծառայողի հայրը՝ Կարեն Պողոսյանը պատմում է՝ կեսօրին է լսել, որ Սոթքում կրակոցներ են, որդին զանգերին չի արձագանքել, արագ հասել է Վարդենիս:
«Ես գնացել եմ, ինձ ասել են՝ իմ էրեխեն զոհված ա, բրոնի ավտո էին կանչում, որ կարողանա մտնի էդ տեղը, հանի իմ էրեխուն», - պատմեց Կարեն Պողոսյանը:
Նարեկը ժամկետային զինծառայող է, վարորդ, հորն ասել են՝ մեքենայի մոտ ականանետի արկ է պայթել, մեքենան տեղից չի շարժվում, Նարեկը ներսից դուրս չի եկել, ենթադրել են՝ զոհվել է:
Ժամեր անց պայմանագրայիններ, կամավորներ են կրակի տակ հասել մեքենային. - «Տեսել են իմ էրեխուն, տեսել են, որ շնչում ա, պուլս կա, հարցրել են՝ «ո՞վ ես», ասել ա՝ «իմ անունը Պողոսյան Նարեկ ա, մի հատ ջուր տվեք խմեմ»: Էդ ժամանակ կապվել են ներքև, ես էդտեղ եմ եղել իմ ընկերների հետ, կապ են տվել շտաբի պետին, որ Պողոսյան Նարեկ անունով էրեխեն ողջ ա, շնչում ա: Ես էլի չեմ կարողացել հավատամ, որովհետև ինձ ասել են, որ զոհված ա, երկրորդ անգամ ճշտել են իմ ներկայությամբ, որ ողջ ա»:
Նարեկի հայրը պատմում է՝ մինչև որդուն կիջեցնեին դիրքից ներքևում արդեն Վարդենիսի հոսպիտալի մեքենան էր սպասում, տեղափոխել են հոսպիտալ, այնտեղից, ըստ Կարեն Պողոսյանի, շատ արագ հասցրել են Երևան՝ կենտրոնական զինվորական հոսպիտալ:
«Հոսպիտալի սաղ անձնակազմը, ռազմական ոստիկանությունից բռնած, զինվորական բարձրաստիճանները ներկա են եղել, արդեն ՊՆ համարներով սկոռին պատրաստ կանգնած ա եղել, իմ էրեխուն տեղափոխել են մյուս սկոռին, հասցրել են, եկել ենք հոսպիտալ»:
Նարեկը բեկորային վիրավորում է ստացել գլխի շրջանում։
Երեկ ուշ երեկոյան նրան վիրահատել են, 4 ժամուկես, բժիշկներն ասում են՝ վիրահատությունը հաջող է անցել: Զինծառայողի ընտանիքում վստահ են՝ բուժանձնակազմն ամեն ինչ անում է, որ Նարեկը արագ ապաքինվի։ Զինվորի հորը համացանցային հորինված տեղեկություններն են զայրացնում, այնինչ ասում է՝ իրականությունն այն է, ինչ ինքը պատմեց:
«Նախարարն էլ հատուկ եկել ա էրեխուն տենալու համար, ինձ էլ կանչել են, իմ հետ խոսացել են՝ ինչ կա անելու, իմ էրեխու կյանքի հարցերն էլ իմ հետ խորհրդակցել են, ես էլ իրանց ասել եմ՝ շնորհակալ եմ, որ իմ էրեխուն փրկել եք», - նշեց Կարեն Պողոսյանը:
Վարդենիսի սահմանին երեկ վաղ առավոտից ծավալված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը երեք զոհ ունի և երկու վիրավոր։
Պաշտպանության նախարարության խոսնակի հետ կապ հաստատել չհաջողվեց՝ ցանկանում էինք հարցնել՝ ինչպե՞ս է վիրավոր զինծառայողի անունը զոհերի ցանկում հայտնվել, եթե նրան մեքենայի մեջ գտել են շունչը վրան։ Ընդ որում՝ գերատեսչությունը բավականին ուշացումով՝ երեկոյան վեցին անուններ հրապարակեց՝ մինչև այդ հիմնավորել էին, թե զինվորների ընտանիքներին պատշաճ իրազեկելուց հետո միայն տվյալներ կհրապարակեն։ Ցանկանում էինք հարցնել նաև գերատեսչությունում պատասխանատվություն կրող լինելո՞ւ է, թե եզրափակվում են նրանով, ինչ հաղորդագրության մեջ են գրել. «հայցում ենք հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը»: