Այն տարբերակը, որը հիմա փորձում է կյանքի կոչել Ադրբեջանը, պարզապես հնարավոր չէ իրականացնել, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Աղդամի ճանապարհի հնարավոր գործարկման մասին, որպես փոխզիջում։
Գրիգորյանի համոզմամբ, Արցախի հասարակությունն այդ տարբերակը երբեք չի ընդունելու, որ Ադրբեջանն այսքան ամիսներ սովամահ անելով արցախցիներին, հիմա էլ ինչ-որ հումանիտար օգնություն է առաջարկում։
Հիշեցնելով Սիրիայի մոդելը, երբ 10 տարի առաջ հումանիտար վիճակն այնքան բարդ էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում կայացրեց, որ սուվերենության սկզբունքը մի կողմ է դրվում և Սիրիա տարբեր կողմերից հումանիտար օգնություն է ներկրվում, Գրիգորյանն ասաց՝ այս պարագայում այս լուծումը կարող է կիրառելի լինել նաև Լեռնային Ղարաբաղի դեպքում։
«Այսինքն՝ հումանիտար օգնություն կարող է մտնել հիմնականում Լաչինի միջանցքից, բայց որպեսզի Ադրբեջանի մտահոգություններն էլ փարատվեն, ինչ-որ փոքր փոխզիջումներ կարող է լինել այն, որ այդ ուղղությամբ ևս ՄԱԿ-ի հումանիտար օգնություն է մտնում։ Այստեղ առանցքային հարցը ևս այն է, որ օգնությունը պետք է լինի միջազգային, Ադրբեջանը որևէ մասնակցություն պետք է չունենա դրա մեջ։ Կարող է, իհարկե, ստուգել այդ բեռները, տեսնել, որ, օրինակ, ռազմական նշանակության ապրանքներ չկան, բայց, ընդհանուր առմամբ, այս ամենը միջազգային գործընթաց պետք է լինի», - ասաց քաղաքագետը։
Գրիգորյանը միևնույն ժամանակ խոստովանեց՝ բարդ է համոզել արցախցիներին, որ սա ընդունելի տարբերակ է, բայց իրավիճակը հիմա օրեցօր վատթարանում է, հացի հետ կապված արդեն լրջագույն խնդիրներ կան։
«Երեկ, օրինակ, Ստեփանակերտում, կարծես թե, ընդհանրապես շատ քիչ էր հացը, կամ ընդհանրապես չկար, և այս պայմաններում ակնկալել, որ ինչ-որ միջազգային ճնշում կլինի Ադրբեջանի վրա, որ Լաչինի միջանցքը հիմա կբացեն, կամ կգործի առնվազն մինչև հունիսի 15-ի ռեժիմն, անիրատեսական է, այդ իսկ պատճառով պետք է ինչ-որ լուծումներ փնտրել արդեն։ Բայց Արցախում տեղի ունեցող զարգացումները նաև այս հեռանկարներն են կասկածի տակ դնում, որովհետև չգիտենք, օրինակ, իշխանության եկող այս նոր խումբն ինչպես է տրամադրված», - եզրափակեց Գրիգորյանը։
Արցախցիները արդեն 3-րդ օրն է՝ 24-ժամյա հսկողություն են իրականացնում Ասկերանի ճանապարհին՝ թույլ չտալով ադրբեջանական ալյուրի տեղափոխումը Ստեփանակերտ։ Բաքուն փորձում է որպես հումանիտար օգնություն 40 տոննա ալյուր ուղարկել Արցախ։ Արցախցի մի քանի տասնյակ բնակիչները վրաններ են խփել և հերթապահություն են իրականացնում Աղդամ-Ասկերան ճանապարհին։ Նրանք հայտարարում են․ - «Մենք մեր թշնամուց ոչինչ չենք ուզում, չենք կարող հաց ուզել, հաց մուրալ»։
Քաղաքագետի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․