Մատչելիության հղումներ

ՔԿ-ն դեռ մանրամասներ չի հայտնում Գյումրիում ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ ծեծկռտուքի մասին


Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ ծեծկռտուքից ավելի քան մեկ շաբաթ է անցել, բայց Քննչական կոմիտեն խուսափում է դեպքից մանրամասներ հայտնել, այսօր «Ազատությանը» միայն փոխանցեցին, թե նախաքննությունը շարունակվում է։

Պարզ չէ՝ արդյոք միջադեպից հետո երեք ձերբակալվածներն էլ հենց ծեծկռուտքի մասնակից զինվորներն էին, ազատ են արձակվել, թե կալանավորվել են, եթե՝ այո, ապա որտեղ են պահվում, նրանց մեղադրանք առաջադրվել է, թե՝ ոչ: Այս հարցերի պատասխանները ողջ օրվա ընթացքում չկարողացանք ստանալ Քննչականից։

«Խմած, իրենց անշնորհք պահելուց հետո դուրս հրավիրեցինք, որից հետո վիրավորված գնացին, մոտավորապես մի 15-20 հոգով եկան, հարձակվեցին խանութի աշխատողների վրա, հաճախորդների վրա, աֆիցեռներ էին», - պատմել է մսամթերքի վաճառակետի սեփականատերը։

«Ռոսիա» մսամթերքի վաճառակետի սեփականատերը «Ազատությանը» պատմել էր, որ անցած կիրակի, երբ խանութից դուրս էին հրավիրել 3 հարբած զինվորականներին, նրանք որոշ ժամանակ անց մի քանի անգամ ավելի մեծ խմբով էին վերադարձել ու հենց խանութի մոտ՝ ոստիկանական բաժանմունքից մոտ 100 մետր հեռավորության վրա ծեծել խանութի աշխատակիցներին։ Ռուսական կողմն այս օրերին ոչ մի մեկնաբանություն չի տվել այդ դեպքի առնչությամբ, մինչ այդ գյումրեցի իրավապաշտպան Լևոն Բարսեղյանը հայաստանյան իրավապահների մեկշաբաթյա լռությունը պատահական չի համարում:

«Ինձ թվում է Հայաստանի իշխանությունները քաղաքական որոշում ունեն չզայրացնել Կրեմլին, ինչը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության բնակիչների անվտանգության հաշվին, այնինչ պիտի բավականին կոշտ գործուն միջոցառումներով կանխարգելում տեղի ունենա նման հանցագործությունների և իհարկե, օպերատիվ կերպով հաղորդակցություն ժողովրդի հետ», - ասաց Բարսեղյանը:

Ասում է՝ այն, որ նույնիսկ ոստիկանական բաժանմունքին մոտ լինելու հանգամանքը չի կաշկանդել ռուս զինվորականներին, խոսում է անպատժելիության մթնոլորտի մասին։

«Այսինքն՝ ունեն անպատժելիության զգացման կամ համոզմունքի այնպիսի աստիճան, որ իրենց չի կաշկանդում նման բաներ անել: Iրենք էլ շատ լավ գիտեն, որ ամբողջը տեսագրվում է ներսից, դրսից և այլն ու թքած են ունեցել որովհետև իմացել են, որ կան նախադեպեր, որ ինչ էլ լինի իրենց հաստատ չեն հանձնելու Հայաստանի իշխանություններին և ռուսական ռազմաբազaն Կրեմլի հետ պաշտպանելու է մինչև վերջին շունչը ասես թշնամի երկրից է պաշտպանում», - ընդգծեց իրավապաշտպանը:

Նախկին փորձը հաշվի առնելով՝ Լևոն Բարսեղյանը չի բացառում, որ այս դեպքն էլ միգուցե հայաստանցի իրավապահները չքննեն. «Այդպես էլ լինելու է կամ արդեն եղել, արդեն տարել են իրենց զորամաս, իբր թե կալանավորված է: Ենթադրություն է սա, բայց գրեթե համոզված եմ, որ այդպես է: Սա Հայաստանի իշխանությունների վարքի թուլությունն է»:

Բարսեղյանը հիշեցնում է, որ երեք տասնամյակների ընթացքում ռուսական ռազմաբազայի զինծառայողները Գյումրիում 10-ից ավելի մարդ են սպանել, տասնյակներն էլ մարմնական վնասվածքներ են ստացել։ Ուսումնասիրել ու պարզել է, որ այդ դեպքերը հիմնականում տեղի են ունենում բազայի զորամասերի մոտ։ Այս հանգամանքն, ասում է, պետք է Հայաստանի իշխանություններին ստիպի, որ զորամասերի ելք ու մուտքը օպերատիվ կառավարվեն ու անվտանգության մեխանիզմներ կիրառվեն։

«Բոլոր զորամասերը դրսից՝ փողոցների կողմից ու հարակից թաղամասերը ինտենսիվորեն հագեցվում են տեսահսկող տեսախցիկներով, որոնց ազդանշանները շուրջօրյա գնում են վերահսկման ինչ-որ մի կենտրոն, որտեղ մարդիկ նստած օրը 24 ժամ հսկում են», - ասաց իրավապաշտպանը:

Եթե իշխանությունները չեն անելու, դա ինքը քաղաքացին կանի։ Օրինակ է բերում հենց վերջին միջադեպից տուժած խանութի տիրոջը. - «Հայաստանի իշխանությունից որևէ մեկը կարո՞ղ է ասել այդ խանութպանին, թե էլ չի լինի նման բան, շարունակիր հանգիստ աշխատել: առանց որևէ միջոցառում անելու կարո՞ղ են այդ խանութպանին համոզել, որ էլ նման բան չի լինելու, չեն կարող: Այսինքն ստացվում է այնպես, որ երբ իշխանությունը չի անում քաղաքացիների պաշտպանությունը, քաղաքացիներն իրենց հնարավորությունների, խելքի, բնազդի սահմաններում ինքնապաշտպանության են դիմելու, ուրիշ ի՞նչ անեն»:

5 տարի առաջ ռուսական կողմը ռազմաբազայի տարածքից դուրս ռուս զինծառայողների նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով ռազմական ոստիկանության ստորաբաժանում տեղակայեց Գյումրիում։ Կարմիր թևկապով զինվորական ոստիկանների սկզբում հաճախ կարելի էր տեսնել քաղաքի տարբեր հատվածներում, բայց հիմա նրանք չկան։

XS
SM
MD
LG