Մատչելիության հղումներ

«Տնօրեններն ավելի ազատ ու հանգիստ կաշխատեն». Վանաձորի դպրոցներում կողմ են ապաքաղաքականացմանը


Վանաձորի դպրոցներում ողջունում են նոր կառավարության՝ ուսումնական հաստատություններն ապակուսակցականացնելու մասին հայտարարությունները։

Թիվ 10 դպրոցի տնօրեն Խաչատուր Պարանյանն ասում է՝ տնօրեն դառնալու պահից անդամագրվել է Հանրապետական կուսակցությանը։ Դպրոցի ղեկավարը, որ տարիներ շարունակ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը համարել է երկրի խորհրդանիշ, չնայած այդպիսի նշում չկա Սահմանադրության մեջ, գլխավերևից արդեն հանել է նրա լուսանկարը։

«Նկարը հանվել է շարժումն սկսելու առաջին օրը։ Ներքին զգացում ունեի, որ շարժումը հաղթանակով կավարտվի։ Եթե հաղթանակով չավարտվեր, էդ դեպքում արդեն երևի ինչ-որ մեկը կզեկուցեր, որ տնօրենը նկարը հանել է, չգիտեմ՝ ինչ կլիներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պարանյանը։

Թիվ 10 դպրոցի տնօրենն ասում է՝ մարզպետարանի ստուգումներում երկրի ղեկավարի լուսանկարի բացակայությունը համարվել է թերություն և հատուկ շեշտվել արձանագրություններում։

«Դա որպես բացթողում, մինուս էին համարում։ Նշվել է, որ տնօրենի կաբինետում բացակայում է դրոշ, նախագահի նկար», - ասաց Պարանյանը։

Չնայած դպրոցները ապաքաղաքականացնելու վերևից հնչող պնդումներին, տնօրենն ասում է՝ չի շտապում վայր դնել կուսակցական անդամատոմսը. - «Ճիշտն ասած, ես գաղափարապես հանրապետական չեմ, բայց գտնում եմ, որ սենց հապշտապ, ասենք, տոմսը նետելն էլ սիրուն բան չէ»։

Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետ Մինաս Սայադյանը հրաժարվեց հարցազրույցից, մինչդեռ նրա կինը՝ Նարինե Սահակյանը, ով տնօրինում է Վանաձորի թիվ 11 դպրոցը, ասում է՝ կրթօջախների ապաքաղաքականացման դեպքում տնօրեններն «ավելի ազատ ու հանգիստ կաշխատեն»։

«Ես դրա հետ համաձայն եմ, որովհետև ես տեսնում եմ զրույցներում և տեսնում եմ մի շարք տնօրենների մոտեցումը, նրանց հանդեպ վերաբերմունքը, ինձ դա ցավ է պատճառում։ Եթե դա նրանք արել են, ինչ-որ ցուցակներից են խոսում և այլն, ավելի լավ է էդ քաղաքականությունը չլինի, մարդիկ հարվածի տակ չլինեն, հանգիստ աշխատեն, զբաղվեն իրենց կրթության հարցերով», - ասաց Սահակյանը։

Մեկ այլ հանրապետական տնօրեն Անուշ Եդոյանը ղեկավարում է թիվ 19 հիմնական դպրոցը, որտեղ սովորել է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Տնօրենը նշեց, որ պատգամավորը մշտապես համագործակցել է իրենց հետ, մասնակցել միջոցառումներին և, հարկ եղած դեպքում, օժանդակել տարբեր հարցերում։ Անուշ Եդոյանը, մինչդեռ, հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել՝ հորդորելով գրավոր ներկայացնել հարցերը։

«Կարծում եմ, որ պետք է շատ լավ լինի։ Լիահույս եմ, որ ամեն ինչ լավ է լինելու մեր երկրում։ Եթե հարցեր ունեք, գրավոր ներկայացրեք», - ասաց Եդոյանը։

Թիվ 11 ավագ դպրոցի շրջանավարտները նշում են՝ իշխանափոխությունն առաջին հերթին փոփոխություն է բերել իրենց ձգտումներում ու մտածողության մեջ։ Եթե նախկինում ձգտում էին դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել կամ ավելի ուշ աշխատանք գտնել արտերկրում, ապա այժմ վստահ են՝ ուզում են մնալ Հայաստանում։

«Ես անցյալ տարի, դեռ էս ամեն ինչը չէր եղել, մտածում էի, որ կավարտեմ, կգնամ ուրիշ երկիր, ընդեղ կշարունակեմ, իսկ հիմա էդ ցանկությունը լրիվ կորել է, ուզում եմ ես Հայաստանում լինեմ, ինչ կարողանամ՝ Հայաստանի համար անեմ։ Հայաստանի համար ինչ-որ բան անելու ցանկությունը մեծացել է, եթե նախկինում ընդհանրապես չկար», - ասաց շրջանավարտներից Տաթև Հակոբյանը։

Գևորգ Հակոբյանն էլ նշեց. - «Հիմա ես ծառայելու եմ իմ հայրենիքին, ոչ թե ինչ-որ բարձր պաշտոնյա մարդկանց, որոնք առաջվա կառավարության գլխին էին կանգնած»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG