Գիշերը ռուսական ուժերը երեք հրթիռ են արձակել ու 41 ավիացիոն հարված հասցրել Ուկրաինայում, հաղորդում է ուկրաինական Զինված ուժերի գլխավոր շտաբը:
Ուկրաինայի օդուժը հաղորդում է նաև իրանական «Շահեդ» հարվածային անօդաչուների հարձակման մասին, պնդելով, որ 17 անօդաչուներից 15-ը ոչնչացվել են։
Ուկրաինական լրատվամիջոցներն ու Տելեգրամ ալիքները հաղորդում են Կիևում պայթյունի մասին՝ հրապարակելով լուսանկարներ և տեսանյութեր։ Այս պահին պաշտոնական հաղորդագրություն չկա։
Օդային տագնապ Կիևում չէր հնչել։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի ասելով՝ դեռևս չպարզված պատճառով պայթյունը տեղի է ունեցել Կիևի մարզի արդյունաբերական գոտում։
Ռուսական ուժերի վերջին հարձակումների հետևանքները ճշգրտվում են։