Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ-ը ՄԱԿ ԱԽ-ում և այլ հարթակներում կշարունակի աշխատանքը Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի հրատապ նիստը, լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ-ի
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի հրատապ նիստը, լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ-ի

Գերատեսչությունը հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ ԱԽ օգոստոսի 16-ի հրատապ նիստի վերաբերյալ:

Օգոստոսի 16-ին Հայաստանի պահանջով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ընթացքում ևս մեկ անգամ արձանագրվեց, որ միջազգային գործընկերները, չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչությանը, հստակորեն գիտակցում են Լեռնային Ղարաբաղում ծանրագույն հումանիտար իրավիճակի փաստն ու դրա հասցեագրման կարևորությունը, հայտարարում է ՀՀ արտգործնախարարությունը:

«Այս՝ ՄԱԿ ԱԽ ձևաչափով արդեն երկրորդ քննարկման ժամանակ հնչած գնահատականներն ու Ադրբեջանին ուղղված հասցեական ուղերձներն ըստ էության լրացնում էին մինչ օրս տարբեր կառավարությունների, միջազգային կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արտահայտված հստակ դիրքորոշումները։

Հատկանշական էին անդամ պետությունների և ԵՄ ներկայացուցչի ելույթներն առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների։ Աներկբայորեն ընդգծվեց, որ արդեն ութ ամսից ավել շարունակվող շրջափակման հետևանքով ԼՂ բնակչության համար ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը պետք է վերացվի», - ասված է հայտարարությունում:

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել միջազգային հանրության կոչերը, կեղծ և իրականությանը չհամապատասխանող պատրվակներ փնտրել` չիրականացնելու իր պարտավորությունները «և, երկարաձգելով հումանիտար ճգնաժամը, ներառյալ սովամահության միջոցով էթնիկ զտումների ենթարկել Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդին»։ «Ավելին, Ադրբեջանը փորձում է շահարկել միջազգային դերակատարների ցանկացած «հավասարակշիռ» մոտեցում՝ այն մեկնաբանելով որպես իր որդեգրած քաղաքականության շարունակման թողտվություն», - նշում է Արտգործնախարարությունը՝ ընդգծելով «ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի վերացման ուղղությամբ առկա միջազգային ողջ գործիքակազմի օգտագործման և Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անխափան տեղաշարժի վերականգնման և ԼՂ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքի ապահովման հրատապությունը»:

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, բարձր գնահատելով միջազգային անվտանգությանը և խաղաղությանը նպաստելու իրենց մանդատին հավատարիմ ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների սկզբունքային և արդար դիրքորոշումները, շարունակելու է աշխատանքները տարբեր հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում, հետևողական քայլերի գործադրմամբ Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ», - ասված է հայտարարությունում:

XS
SM
MD
LG