Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահներն ուժով բացեցին իրենց ռազմաբազայի մուտքը, որն արգելափակել էին արցախցիները


Լուսանկարն՝ Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարն՝ Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան էջից

Ռուս խաղաղապահներն ուժ գործադրելով՝ հատուկ տեխնիկայի օգնությամբ այսօր առավոտյան բացեցին իրենց ռազմաբազայի մուտքը, «Ազատությանը» փոխանցեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման շարժման անդամ Արթուր Օսիպյանը։

Մի խումբ արցախցիներ գիշերվանից արգելափակել էին Ստեփանակերտին կից Իվանյան գյուղում գտնվող խաղաղապահների տեղակայման վայրի ելումուտը՝ դարձյալ պահանջելով ապահովել իրենց անվտանգությունը դեպի արգելափակված Հակարիի կամուրջ նախապատրաստվող ավտոերթի ժամանակ։

«Ձեր անգործությունից Ղարաբաղը սովի առջև է կանգնած», - հայտարարում էին նրանք։

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը, սակայն, դեռ տասն օր առաջ նախաձեռնության անդամներին գրավոր պատասխանել էր, որ մերժում են ավտոերթը ուղեկցելու դիմումը։ Ընդ որում՝ զորակազմի հրամանատարի տեղակալը մեջբերել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, թե այն չի նախատեսում ավտոերթերի ուղեկցումը, ինչպես նաև տարբեր ակցիաների և հանրահավաքների անվտանգության ապահովումը։

«Քանի որ չեն կարողանում միջանցքն ինքնուրույն ապաշրջափակեն, ապա մենք դիմել ենք, որ գոնե ապահովեն մեր խաղաղ երթը դեպի Հակարիի կամուրջ, և մենք մեր պահանջները դնենք միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ և ռուսներին ասել ենք՝ եթե չեք կարում, բերեք, համատեղ ուժերով դա անենք», - նշեց նա։

Արցախցի ակտիվիստները ևս եռակողմ հայտարարություն են մեջբերում՝ հիշեցնելով, որ դեկտեմբերից Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքը համաձայն այդ փաստաթղթի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո պետք է լինի և եզրահանգում՝ խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունները։

Քաշքշուկից, լարված իրավիճակից հետո ակցիայի մասնակցիները վերադարձել են Ստեփանակերտ՝ քննարկելու իրենց հետագա անելիքները։ Լաչինի միջանցքի ապաշրջափակման շարժման անդամները, որ ցանկանում են ավտոերթ կազմակերպել դեպի Հակարիի կամուրջ, ասում են՝ այդ քայլով փորձելու են ցույց տալ աշխարհին, որ Ալիևը ստում է, թե ճանապարհը բաց է։

XS
SM
MD
LG