Ռուսաստանի օրենսդրությունը չի տարածվում Հայաստանում ծառայության և դրա օգտատերերի վրա և դա չի փոխվի նաև սեպտեմբերի 1-ից հետո, հաղորդում է Yandex Go-ի մամուլի ծառայությունը՝ արձագանքելով մտահոգություններին, թե Yandex տաքսիի հայաստանյան հաճախորդների տվյալները սեպտեմբերի 1-ից շուրջօրյա ռեժիմով հասանելի կլինեն Ռուսաստանի հատուկ ծառայություններին։
Ի դեպ, այս հարցի պատասխանը ստանալու համար Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն է ուսումնասիրություն սկսել՝ դիմելով ռուսական ընկերության հայաստանյան ներկայացուցչին՝ օրենքով նախատեսվող պարզաբանումների համար։
Ըստ Yandex Go-ի այսօրվա հայտարարության՝ հայկական «Ռայդտեխ ԷյԷմ» ՍՊԸ-ն, որը Հայաստանում օգտատերերին տրամադրում է Yandex Go ծառայությունը, մշակում է օգտատերերի անձնական տվյալները Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև ապահովում է տվյալների սուբյեկտների բոլոր նախատեսված իրավունքները, իսկ Հայաստանում ծառայության աշխատանքի հետ կապված տվյալները կարող են պահանջվել օտարերկրյա (այդ թվում ՝ ռուսական) պետական մարմինների կողմից բացառապես պաշտոնական հարցման միջոցով և միայն սահմանված միջազգային ընթացակարգերի շրջանակներում:
«Մեր ընկերությունը հավատարիմ է անվտանգության քաղաքականության բարձր չափանիշներին, որոնք հաստատված են SOC2/3 տվյալների անվտանգության, մատչելիության, մշակման ամբողջականության և գաղտնիության վերաբերյալ միջազգային հանրային հաշվետվությամբ», - ասված է ընկերության պարզաբանման մեջ։
«Մեդուզա»-ն գրել էր, թե Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունն առանց լրացուցիչ հարցումների սեպտեմբերի 1-ից մուտք կունենա Yandex-ի բազաներ, որոնցում օգտվողների տեխնիկական ու անձնական տվյալներն են պահվում, այդ թվում՝ IP համարը, հեռախոսի համարը, էլեկտրոնային հասցեն, բանկային տվյալները, թե ուր է գնացել հաճախորդն ու անգամ ինչ մեկնաբանություններ է գրել հավելվածում։
«Մեդուզա»-ին Yandex-ի անանուն աղբյուրները հայտնել էին, թե ռուսաստանյան հատուկ ծառայությունները կարող են նաև դաշնությունից դուրս՝ այլ երկրների հաճախորդների տվյալներն օգտագործել, այդ թվում՝ Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ֆինլադիայի, Նորվեգիայի, Իսրայելի, քանի որ ծառայության տվյալների բազան ամբողջությամբ գտնվում է Ռուսաստանում:
Яндекс-ի տեխնոլոգիաների գծով նախկին տնօրեն Գրիգորի Բակունովը «Մեդուզա»-ին ասել է, որ ФСБ-ի կողմից տվյալների հասանելիությունը ռիսկեր է պարունակում մասնավորապես պատերազմի պատճառով երկրից հեռացած ռուսաստանցիների համար։
«Բազաները պարունակում են Հայաստանի, Վրաստանի, Ղրղըզստանի, Ղազախստանի և այլ վայրերի տաքսի ծառայությունների տվյալները, որտեղ ռուսները հեռացել են պատերազմից հետո։ Սա ավելի զգալի սպառնալիք է, քան Ֆինլանդիայի, Նորվեգիայի կամ Ալժիրի տվյալների հասանելիությունը»,- «Մեդուզա»-ի հետ զրույցում նշել է նա։