Արդյոք Yandex տաքսիի հայաստանյան հաճախորդների տվյալները շուրջօրյա ռեժիմով հասանելի կլինեն Ռուսաստանի հատուկ ծառայություններին, այս հարցի պատասխանը ստանալու համար Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ուսումնասիրություն է սկսել. լիազոր մարմինն արդեն դիմել է ռուսական ընկերության հայաստանյան ներկայացուցչին՝ օրենքով նախատեսվող պարզաբանումների համար։
«Արդյոք արտատարածքային փոխանցման մասին փաստ կա, եթե՝ այո, ապա ի՞նչ կերպով է դա արվում, ի՞նչ նպատակներով և ի՞նչ իրական հիմքով: Այս հիմնական բանալի հարցերի պատասխանը երբ գործակալությունը կստանա 5-օրյա ժամկետում, օրենքն է այդ ժամկետը սահմանում, այնուհետև եթե փաստը հաստատվի, հավանաբար, վարույթի շրջանակում պետք է ընթացքը լինի, եթե հերքվի, ապա վարույթի անհրաժեշտություն, ըստ էության, չի լինի», - ասաց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնակատար Ջուլիետա Մաթևոսյանը:
Եթե հաստատվի, որ սեպտեմբերի 1-ից ռուսաստանյան հատուկ ծառայություններին հասանելի կլինեն Yandex տաքսիից օգտվողների տվյալները, ապա ի՞նչ է սպասվում այդ դեպքում՝ արդյոք հայաստանյան իշխանությունները կարգելե՞ն Yandex-ին հայ հաճախորդների տվյալները փոխանցել Ռուսաստանի հատուկ ծառայություններին, թե՞ կհամաձայնեն. Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից խուսափում են որևէ հավանական որոշման տարբերակ նշել, քանի դեռ ուսումնասիրություն է ու անգամ վարույթ հարուցված չէ։
«Եթե-ները շատ են. եթե այդ բոլոր կանխավարկածները հաստատվեն, ես պարզապես չեմ կարող ասել այս պահին ինչ որոշում կարող է կայացնել գործակալությունը, որովհետև պետք է անցնի այդ բոլոր փուլերը և համադրվի: Իրավաբանները վարչական վարույթի շրջանակներում պիտի համադրեն օրենսդրության հետ, եթե մեր օրենքի իմաստով դա խախտում է, միանշանակ խախտումը պիտի արձանագրվի և տվյալների մշակումը կասեցվի, արգելվի ժամանակավորապես կամ անժամկետ», - նշեց Մաթևոսյանը:
Yandex-ը հինգ օր ժամանակ ունի՝ արձագանքելու գործակալության հարցերին։ «Ազատությանը» չի հաջողվել ընկերության հայաստանյան գրասենյակից մեկնաբանություն ստանալ։
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունն առանց լրացուցիչ հարցումների սեպտեմբերից մուտք կունենա Yandex-ի բազաներ, որոնցում օգտվողների տեխնիկական ու անձնական տվյալներն են պահվում, այդ թվում՝ IP համարը, հեռախոսի համարը, էլեկտրոնային հասցեն, բանկային տվյալները, թե ուր է գնացել հաճախորդն ու անգամ ինչ մեկնաբանություններ է գրել հավելվածում։
«Մեդուզա»-ին Yandex-ի անանուն աղբյուրները հայտնել են, թե ռուսաստանյան հատուկ ծառայությունները կարող են նաև դաշնությունից դուրս՝ այլ երկրների հաճախորդների տվյալներն օգտագործել, այդ թվում՝ Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ֆինլադիայի, Նորվեգիայի, Իսրայելի, քանի որ ծառայության տվյալների բազան ամբողջությամբ գտնվում է Ռուսաստանում:
«Արդյոք սա խնդիր է Հայաստանի քաղաքացիների համար, արդյոք հայաստանցիները պիտի անհանգստանան, թե՝ ոչ. Սկսենք նրանից, որ Հայաստանի քաղաքացիների ամբողջ տեղեկատվությունը գտնվում է Google, Apple, Facebook էս ընկերությունների ձեռքում, Yandex, Mail.ru: Այսինքն՝ այստեղ մեր համար էլ նոր բան չկա», - ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը:
Տեղեկատվական անվտանգության մասնագետն ասում է՝ եթե հաստատվի, որ նաև Հայաստանի հաճախորդների տվյալներն են հասնելու Ռուսաստանի հատուկ ծառայություններին, մարդիկ պետք է գնահատեն իրենց ռիսկերը՝ Yandex-ի ծառայություններից օգտվելիս։
«Եթե անում ես այնպիսի գործողություն, որը զգայուն խնդիր է, օրինակ, ուզում եք հանդիպել ու անանուն կերպով խոսել լրագրողի հետ ու թաքցնել ձեր ինքնությունը, այդ դեպքում, երևի, երկուսդ էլ չարժի, որ Yandex տաքսուց օգտվեք, ձեռքում հեռախոս պահեք և այլն: Այսպիսի դեպքեր կան, կամ փաստաբանի, իրավապաշտպանի հետ հանդիպում: Իսկ իրականում քաղաքացիների ճնշող մեծամասնության համար որևէ նման արտասովոր քայլերի դիմելու կարիք չկա», - ընդգծեց Պապյանը:
Ըստ մասնագետի՝ փոփոխությունը կարող է խնդիրներ առաջացնել հատկապես պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների համար, որոնք խուսափել են զորակոչից կամ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը դեմ են արտահայտվել։
«Բնականաբար, քանի որ ունենք դաշնակցային հարաբերություններ, կան կապեր, եթե վաղը Ռուսաստանը հետախուզում հայտարարի ինչ-որ քաղաքացու, ով Հայաստանում է, հետո էլ կարող է Yandex տաքսիով կամ Yandex Go-ով մատնանշել, թե որտեղ է այդ մարդը գտնվում, որվհետև Yandex-ում դուք անուն ազգանունով եք, քարտն է կցված, որով վճարում եք անում, այսինքն թաքնվելն իմաստ չունի», - նշեց Արթուր Պապյանը:
«Մեդուզա»-ի հրապարակումից հետո Yandex-ից վստահեցրել են, թե «ուղևորությունների վերաբերյալ տվյալներ կարող են ստանալ միայն այն երկրի իրավապահ մարմինները, որտեղ կատարվել է ուղևորությունը՝ տեղական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն»: Ընկերությունից խոստացել են, թե սեպտեմբերի 1-ից հետո «այս տրամաբանությունը չի փոխվի»։ Մինչ այդ արդեն Ֆինլանդիան ու Նորվեգիան Yandex-ին արգելել են իրենց հաճախորդների անձնական որևէ տվյալ փոխանցել Ռուսաստանի հատուկ ծառայություններին։