Մատչելիության հղումներ

Աբխազիայի երկաթգիծը բացելու ջանքերի մասին Զախարովայի խոսքերը բուռն արձագանք են գտել Վրաստանում


Աբխազիայի երկաթգիծը վերաբացելու ջանքերի մասին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունը Վրաստանում բուռն արձագանքների և մեկնաբանությունների տեղիք է տվել։

Երկու օր առաջ Արտգործնախարարության ճեպազրույցում պատասխանելով Ռուսաստանից Հայաստան երկաթուղային ճանապարհի Աբխազիայի փակված հատվածը վերաբացելու հնարավորության հարցին՝ Մարիա Զախարովան ասել էր, որ Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է այդ ուղին վերաբացելու համար. - «Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք նախատեսված մասշտաբային ճանապարհային քարտեզն իրականացնելու համար, այն ներառում է երկրների ղեկավարների ու համապատասխան հանձնաժողովների ստորագրած փաստաթղթեր։ Ամենօրյա ռեժիմով ամեն ինչ արվում է, որպեսզի այդ բոլորն իրականացվի»։

Վրաստանի ընդդիմությունը իշխանություններից պարզաբանում է պահանջում, կոչ անում հրաժարվել Աբխազիայի երկաթգիծը բացելու աշխատանքներ սկսելու ցանկացած հնարավորությունից։

Ընդդիմադիրները գտնում են, որ ռուսական կողմից արված հայտարարությունները վկայում են Վրաստանի իշխանությունների հետ գաղտնի բանակցությունների մասին։

Ընդդիմադիր պատգամավոր Ռոման Գոցիրիձեն «Վրացական երազանքին» կոչ է արել ցրել բոլոր կասկածները։

«Զախարովան բարձրաձայնել է Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը, և այդ հարցում լռություն պահպանելը Վրաստանի կառավարության մոտ չի ստացվի։ Անհապաղ հայտարարություն է անհրաժեշտ, որ ոչ մի նման բան չկա և չի պլանավորվում։ Այդ ճանապարհը միանշանակ կուժեղացնի Ռուսաստանի ռազմական պոտենցիալը՝ թույլ տալով ուղիղ հաղորդակցություն ստեղծել ավտորիտար ռեժիմների հետ։ Այդ ծրագրի իրականացումը աջակցություն կլինի Ռուսաստանի ագրեսիվ պլաններին»,- ասել է Գոցիրիձեն։

«Ազգային շարժումից» պատգամավոր Թինա Բոկուչավան ասել է, որ իշխանությունները պատրաստվում են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը նույնիսկ իրենց հեղինակությունը կորցնելու գնով։

«Համոզված եմ՝ նրանք՝ «Վրացական երազանքը», իրենք են Պուտինին աղաչում վերականգնել հաղորդակցությունը։ Բնական է՝ «Երազանքը» պատրաստ է քաղաքական բարձր գին վճարել Պուտինի շահերի համար, ում համար մեկուսացված պայմաններում հիմա շատ կարևոր է այլընտրանքային տրանսպորտային ուղիներ փնտրել։ Համոզված եմ՝ իշխանությունը կգնա քաղաքական զոհաբերության, քանի որ պատրաստվում են կեղծել ընտրությունները, ինչը թույլ կտա պահել իշխանությունը», - ասել է ընդդիմադիր «Ազգային շարժման» պատգամավորը։

Քաղաքագետ Պատա Զաքարեիշվիլին նման փաստարկների հետ համաձայն չէ, գտնելով, որ «Վրացական երազանքը» ընտրություններից առաջ ինքն իր ոտքին չի կրակի։ Նա նշել է, որ երկաթգծի Օչամչիրե- Զուգդիդի հատվածը գոյություն ունի միայն քարտեզի վրա, եթե նույնիսկ կողմերը ընդհանուր հայտարարի գան, վերականգնելու համար հարյուր միլիոնավոր դոլարներ և առնվազն երկու տարի ժամանակ կպահանջվի։

Նա հիշեցրել է, որ 2011 թվականին, երբ Ռուսաստանին ընդունում էին Առևտրի համաշխարհային կազմակերպություն, Վրաստանի հետ համաձայնագիր էր ստորագրվել սահմանը բացելու և Աբխազիայով ու Հարավային Օսիայով միջանցքներ ստեղծելու մասին։

«Այնպես որ, համաձայնագիր կա»,- ասել է Զաքարեիշվիլին, ընդգծելով, որ «այլ բան է նրա իրականացումը»։

«Փաստաթուղթը ստորագրվել էր աբխազական կողմի թիկունքում, և նրանք մինչև հիմա վրդովված են այդ փաստով։ Այնպես որ, երբ խոսք է լինում դրա իրականացման մասին, նրանք պահանջում են իրենց մասնակցությունը որպես երրորդ կողմ։ Եթե Վրաստանի իշխանությունները դա թույլ տան, մեծ սկանդալ կլինի, և ընդդիմությունը ճնշումների լրացուցիչ լծակներ կստանա։ Կարծում եմ՝ ընտրություններից առաջ այդպիսի գլխացավանք «Վրացական երազանքին» բոլորովին պետք չէ»,- ասել է քաղաքագետը՝ նշելով նաև, որ եթե իշխանությունները կցանկանային բացել հաղորդակցությունները, մասնավորապես ավտոճանապարհը, բայց նրանք ոչինչ չեն ձեռնարկել այդ ուղղությամբ։

Իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչ, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին պնդել է, որ Աբխազիայի երկաթգիծը բացելու հարց չի քննարկվում։

«Ռուսաստանի դիրքորոշման մեջ որևէ նորություն չկա՝ նրանք ցանկանում են երկաթգիծը։ Որևէ նոր բան չկա նաև Վրաստանի դիրքորոշման մեջ՝ այդ հարցը չի քննարկվում, դա ասված է»,- հայտարել է Պապուաշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG