Մատչելիության հղումներ

«Սա դասագիրք չէ, մաքուր պրոպագանդա է»


«Ռուսաստանի պատմություն» առարկայի նոր դասագրքերը:
«Ռուսաստանի պատմություն» առարկայի նոր դասագրքերը:

Ռուսաստանում «Просвещение» («Լուսավորություն») հրատարակչությունն արդեն տպել է ավագ աշակերտների համար «Ռուսաստանի պատմության» նոր դասագրքերը, որոնցում տեղ է հատկացվել այսպես կոչված «հատուկ ռազմական օպերացիային»՝ Կրեմլն այդպես է անվանել հարձակումն Ուկրաինայի վրա:

Դասագրքերի հեղինակներն են նախկինում մշակույթի նախարար, այժմ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Վլադիմիր Մեդինսկին, միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովը և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ընդհանուր պատմության բաժնի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանը:

Ռուսաստանի պատմության 10-րդ դասարանի դասագրքի մեկ երրորդը նվիրվում է Հայրենական մեծ պատերազմին, իսկ 11-րդ դասարանի դասագրքում հատուկ բաժիններ են, որոնք նվիրվել են «Ղրիմի և Սևաստոպոլի վերամիավորմանը», «հատուկ ռազմական օպերացիային» և «Ռուսաստանի կազմում նոր ռեգիոնների ընդգրկմանը»:

16-18 տարեկանների համար Մեդինսկու գրած դասագրքում հիմնովին վերանայված է ներկայացվում Խորհրդային Միության փլուզումը: Դասագրքերն արտահայտում են այդ պատմական անցքերի Պուտինի ըմբռնումը՝ հպարտություն ԽՍՀՄ նվաճումների համար, վրդովմունք ԽՍՀՄ փլուզման կապակցությամբ և հավաստիացում, որ 1999 թվականից, երբ Պուտինը եկավ իշխանության, երկիրը սկսեց վերականգնվել որպես հզոր գերտերություն:

Պատմաբան Միխալ Կոպիցան, ով ժամանակին աշխատել է Արխանգելսկում, իսկ հիմա դասավանդում է Չերնոգորիայում, այսպես է գնահատել նոր դասագրքերը. «Դա պրոպագանդիսական տեքստ է, մաքուր պրոպագանդա է, նախևառաջ բաժինը, որը նվիրված է հատուկ ռազմական օպերացիային»:

«Այդօրինակ դասագրքերը կրթության նպատակները գլխիվայր են շրջում»

Ի՞նչը կարող է հեղինակներին դրդել նման գրքեր գրելուն: Ահա պատմաբանի տեսակետը. - «Ռուսական հասարակությունը շատ ուժեղ լիցքավորված է ռևանշիզմով: Դրա հիմքում պարտությունն է սառը պատերազմում: Ռևանշիզմն ինքնին շատ հզոր էներգետիկ գործոն է, որը մոբիլիզացնում է հասարակությունը: Պարտության գիտակցումը բարոյական արդարության համոզմունք է ապահովում է»:

Պատմաբանի փոխանցմամբ, այդօրինակ դասագրքերը կրթության նպատակները գլխիվայր են շրջում: Ինքնուրույն մտածող, անկախ անձ ձևավորելու փոխարեն, ձևավորվում է հլուհնազանդ մեծամասնություն, որը պատրաստ է վերարտադրել նախապես տրված իմաստները:

Միխալ Կոպիցայի կարծիքով՝ այդ հեղինակները, մի կողմից, ուզում են ցույց տալ, որ ուժեղ են, որ կարող են պարտադրել գրքեր, որոնք պետք է ընկալվեն որպես գերագույն ճշմարտություն, բայց, մյուս կողմից, տվայտանքների մեջ են, համոզված չեն, որ ինտերնետ տեսած սերունդն այդպես հեշտ, առանց հարցեր տալու, առարկելու կընդունի գրքերում մատուցված թեզերը:

«Դա նույնիսկ ծիծաղելի է, կյանքից, արդիականությունից անհուսորեն հետ մնացած այդ մարդիկ փորձում են գնալ ժամանակի ընթացքի դեմ»,- ասել է Կոպիցան:

Պատմաբանը նաև խղճում է իր գործընկերներին, ասելով, որ այնտեղ Ռուսաստանում կան շատ ազնիվ և կիրթ մասնագետներ, ովքեր այդ ամենը չեն աջակցում, և հիմա ստիպված կլինեն նման վիճակում աշխատել՝ մուրճի ու զնդանի արանքում, վախենալով մատնագրերից, հալածանքներից և մշտապես առճակատվելով սեփական խղճի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG