Այս գիշեր ռուսական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով Ուկրաինայի Դուբնոյի շրջանում նավթի պահեստ է ոչնչացվել, հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կովալը։
«Գիշերը Ռովնեի շրջանը ենթարկվել է անօդաչու սարքերի զանգվածային հարձակման։ Ցավոք, նավթի պահեստն ավերվել է։ Զոհեր չկան։ Դեպքի վայրում աշխատում է 45 փրկարար և 14 միավոր տեխնիկա։ Գործի է դրվել հրշեջ գնացքը: Աշխատում են նաև համապատասխան քննիչ հանձնաժողովները՝ մարզի ուժային կառույցների ղեկավարների գլխավորությամբ»,- հեռագրում գրել է նա։
Ըստ նրա՝ ռադիացիոն ֆոնը նորմայի սահմաններում է, բնակչության տարհանում չի նախատեսվում։
Օգոստոսի լույս 10-ի գիշերը օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի բոլոր շրջաններում։ Երկրի որոշ շրջաններում տագնապը տևել է 2-4 ժամ։
ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ պնդում է, որ այս գիշեր ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք փորձել է գրոհել բռնակցված Սևաստոպոլը, դրանք, սակայն, խոցվել են։