Գլխավոր դատախազությունը առայժմ որոշում չունի՝ ընդառաջել մի քանի տասնյակ հայտնի արվեստագետների, մարզիկների, բժիշկների, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների խնդրանքին ու կալանքից ազատել Սերգեյ Սմբատյանին, թե շարունակել նրան պահել ճաղերի հետևում։ Ավելի քան 80 ստորագրությամբ միջնորդությունները դեռ քննարկվում են։
Մի առանձին նամակ էլ վարչապետ Փաշինյանին է հղել կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը տասն օր առաջ կալանավորվեցին, նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության, պետությանը վնաս հասցնելու համար։
Կրտսեր Սմբատյանին կալանքից ազատելու՝ Տիգրան Մանսուրյանի, Ռուբեն Մաթևոսյանի, Հովհաննես Չեքիջյանի, Ռուդոլֆ Խառատյանի, Տիգրան Ձիթողցյանի միջնորդությանն է միացել նաև օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը։
«Իր հետ որպես երգչուհի, 20 սմ հեռավորության վրա կանգնել եմ իր կողքը և՛ աշխատել եմ, և՛ երգել եմ, և՛ մենք համերգ ենք ունեցել ու կարծում եմ, որ ունեմ այդ իրավունքը խնդրելու որպեսզի եթե հնարավոր է....: Ես չեմ կարող իմանալ, ես մանրամասնություններին չեմ տիրապետում», - ասաց օպերային երգչուհին:
Պապյանն ընդգծում է՝ ճիշտ է, ծանոթ չէ քրեական գործի մանրամասներին, բայց համաձայնել է ստորագրել դատախազությանն ուղղված նամակի տակ, քանի որ երիտասարդ արվեստագետին անսպասելի կալանավորելը ճիշտ չի համարում։
«Միանգամից կալանավորելը, կարծում եմ, կարելի է փոխել, էդքանը հնարավոր է իր հանդեպ», - նշեց Հասմիկ Պապյանը:
«Ազատության» հետ զրույցում գործը վերահսկող դատախազ Ծովակ Մնացականյանն ասել էր, որ Սմբատյանների գործողությունների հետևանքով պետությանը շուրջ մեկ միլիարդ դրամի վնաս է հասցվել, նրանք հափշտակել են Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 300 քառակուսի մետր մակերեսով հողամասը։ Դեռ 2012-ին կառավարության որոշմամբ՝ Սմբատյաններին պատկանող «Սոխոսենթր» ընկերությանը զրո դրամով հատկացվել է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող տարածք, որի արժեքն այդ պահին եղել շուրջ 170 միլիոն դրամ։ Ընկերությունն ի սկզբանե առաջարկել է կառուցել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր, հավաստիացրել, որ պատրաստ է իր միջոցների հաշվին Չայկովսկու անվան դպրոցի համար նոր կաթսայատուն ու համերգային դահլիճ կառուցել։ Բայց այս խոստումների փոխարեն, Սմբատյաններն իրենց գնած տարածքում 17 հարկանի բիզնես կենտրոն են կառուցել, որտեղ, սակայն, «Գրքերի աշխարհը» չկա։
Այդ բիզնես կենտրոնն այժմ գործում է, տարածքում գրասենյակներ են, ռեստորաններ։ Դատախազությունն այս ներդրումային նախագիծը կեղծ է որակում՝ նշելով, որ այն ներկայացվել է տարածքը խարդախությամբ հափշտակելու համար։
«Հողատարածքը իրենք գնել են զրո դրամով, իրենք չեն գնել հողատարածքը, հողատարածքն իրենց հատկացվել է, որպեսզի իրենք 800 միլիոն դրամ ներդրումով կառուցեն «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրը», - ասաց դատախազը:
Մինչդեռ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներն, օրինակ, գլխավոր դատախազին ուղղված նամակում ընդգծում են՝ իրենք կարևորում են օրենքի գերակայությունը, բայց, գնահատելով «մաեստրո Սմբատյանի նշանակալի ազդեցությունը հայ երաժշտարվեստում», խնդրում են նրան ազատ արձակել։
«Եթ մարդիկ հանցանք են գործել, թող քննությունը շարունակվի, դրա համար պատասխան տան, բայց կարծում եմ, դրա համար անհրաժեշտ չի այդ երիտասարդին, որը բավականին հեղինակություն ունի, պահել անազատության մեջ», - ասաց «Սինոփսիս» ընկերության ղեկավար Հովիկ Մուսայելյանը:
Դատախազը պարզաբանել էր, թե ինչու են կիրառել ամենախիստ միջոցը՝ կալանքը։ Ըստ Մնացականյանի, կասկածներ ունեին, որ հայր Սմբատյանը փորձել է ազդել գործով անցնող անձանց վրա, ընդ որում՝ նաև որդու համար։
«Ես նշեց, որ խմբի կազմակերպիչը կատարել է գործողությունները և պահանջների մեջ է եղել նաև ամեն կերպ զերծ պահել այս խմբի գործողություններից Սերգեյ Սմբատյանին և այսպես ասած միջոնրդավորված Սերգեյ Սմբատյանի օգտին ևս ազդեցության փորձեր է կատարվել», - նշեց դատախազը:
Գերմանիայում բնակվող օպերային երգիչ Գուրգեն Բավեյանը հեռվից է հետևում Սմբատյանների շուրջ զարգացումներին։ Պնդեց՝ ծանոթացել է օրենքին, կալանավորելու պահանջներին ու չի գտել որևէ հոդաբաշխ բացատրություն, թե ինչո՞ւ պետք է Սերգեյ Սմբատյանը մնա անազատության մեջ։
«Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Սերգեյ Սմբատյանի կալանավորումը նպատակաուղղված է, միգուցե ինչ-որ իրադարձություններ են տեղի ունեցել, որ մեր աչքից՝ հասարակության աչքից վրիպել է», - ասաց Բավեյանը:
Արվեստագետները մտահոգված են՝ հայտնի դիրիժորին կալանավորելը հարված է ո՛չ միայն նրա, այլև Հայաստանի հեղինակությանը։ Գուրգեն Բավեյանի կարծիքով, սա շատ լավ հասկացել են կալանքի որոշում կայացնողները:
«Քաղաքակիրթ երկրներում դատական համակարգերը շատ ավելի անկախ են և նման որոշումները արդեն իսկ լուրջ մտահոգության տեղիք են տալիս ենթադրելու, որ տվյալ անձը, տվյալ մեղադրյալը եթե կալանավորվել է, ապա նրա հանցագործությունը շատ լուրջ կամ առանձնակի ծանր լրջության հանցագործություն է», - նշեց օպերային երգիչը:
35-ամյա Սմբատյանը ոչ միայն Հայաստանի սիմֆոնիկ, այլ նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է։ Հայրն ու որդին մեղքը չեն ընդունում։ Նրանց փաստաբանը քրեական գործը աբսուրդ է որակում։ Այս գործով մեղադրյալ է նաև մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, որը հետախուզվում է։