Մատչելիության հղումներ

Արցախի ներկա և երկու նախկին նախագահները դիմել են ՀՅԴ-ին՝ Դավիթ Իշխանյանին ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելու խնդրանքով


Արցախի խորհրդարանն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի նախագահ է ընտրել ընդդիմադիր «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանին։ Իշխանյանի թեկնածությանը նիստին ներկա 31 պատգամավորներից կողմ են քվեարկել 22-ը, դեմ՝ 9-ը։

Ընդ որում, Դավիթ Իշխանյանին Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրելու առաջարկ «Դաշնակցությանն» արել են Արցախի նախկին ու ներկա նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։ Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի խորհրդարանի դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը, երկար քննարկումներից հետո ՀՅԴ-ն տվել է իր համաձայնությունը՝ հաշվի առնելով Արցախի համար ճակատագրական ու վճռական պահը։

ՀՅԴ-ն, սակայն, շեշտել է՝ Արցախի իշխանության հետ ակյունքարային հարցերում անհամաձայնության դեպքում Դավիթ Իշխանյանը ազատ է թողնել խորհրդարանի նախագահի պաշտոնը։

«Այս ճակատագրական, վճռական պահին հնարավորություն է ընձեռվում մեծացնել Ազգային ժողովի դերակատարությունը, Արցախի քաղաքական ուղեգծում կատարել փոփոխություններ, ինչի մասին «Դաշնակցությունը» բազմաթիվ անգամ խոսել է», - ասաց Մանուկյանը. - «Դաշնակցության ներկայացուցիչն այսօրվանից ղեկավարում է Արցախի իշխանության ճյուղերից մեկի՝ խորհրդարանի նախագահի պաշտոնը»։

Հարցին՝ նա իրականացնելու է Արցախի իշխանությա՞ն քաղաքականությունը, թե՞ ՀՅԴ-ի ծրագրային դրույթները, պատգամավորն արձագանքեց. - «Վստահաբար տվյալ դեպքում հայտարարությունը եղել է, որ մեր մոտեցումները, մեր տեսլականը գործի են դրվելու Դավիթ Իշխանյանի միջոցով»։

Ի դեպ, «Դաշնակցության» բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ողջունելով դաշնակցական պատգամավոր Դավիթ Իշխանյանի ընտրությունն Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնում, կուսակցության Արցախի կենտրոնական կոմիտեի պաշտոնական կայքին՝ «Ապառաժին» տված հարցազրույցում նշել է, որ կուսակցության համար առանցքային է Արցախի հիմնահարցի կարգավորումը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա։

«Հավատում ենք, որ 2020-ի պարտությունն ու այսօրվա ճգնաժամը ժամանակավոր են, և համազգային ճիգերով հաղթահարելու ենք ներքին թե արտաքին ամեն խոչընդոտ», - ասել է նա:

«Իշխանությունը ընդդիմությանը բերել է իշխանության»

Արցախի խորհրդարանի նախագահի ընտրությունն այսօր ուղիղ եթերով չի հեռարձակվել։ Նիստից հետո «Ազատության» հետ զրույցում որոշ փակագծեր բացեցին պատգամավորները։

Մասնավորապես, խորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանն ասաց, թե իրենք դեմ են քվեարկել դաշնակցական Դավիթ Իշխանյանի թեկնածությանը, քանի որ իրենց համար անընդունելի է, որ իշխանական «Ազատ Հայրենիք - ՔՄԴ»-ն առանց իրենց հետ քննարկումների թեկնածու է առաջադրել։

«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավարն Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն է։

«Նման բան չեն անում էլի, փաստորեն ստացվել է այնպես, որ զարտուղի ճանապարհով կամ ձիով քայլ կատարելով ընդդիմությանը բերել են իշխանության։ Իշխանությունն ընդդիմությանը բերել է իշխանության», - ասաց Մարսել Պետրոսյանը։

Թե ինչու է իշխանությունը ընդդիմադիր պատգամավորին ընտրել Ազգային ժողովի նախագահ, կամ ինչպես Մարսել Պետրոսյանն է ասում, ընդդիմությանը բերել իշխանության, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավարը հորդորեց հարցի պատասխանը ստանալ իշխանությունից։ Սակայն, իշխանական «Ազատ հայրենիք -ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը «Ազատության» բազմաթիվ զանգերին ողջ օրվա ընթացքում չպատասխանեց։

Փոխարենը, դաշնակցական Դավիթ Իշխանյանի թեկնածությանը կողմ քվեարկած ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իշխանությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր «Դաշնակցությունից» է թեկնածու առաջադրել մի քանի նպատակով։ Նախ, ըստ Մետաքսե Հակոբյանի՝ Արայիկ Հարությունյանն այս քայլով փորձել է պառակտում մտցնել ընդդիմության շրջանում, ինչը, սակայն, ըստ պատգամավորի, Հարությունյանին չի հաջողվելու։

«Այն անելանելի վիճակը, որում ինքն է հայտնվել և այլևս ի վիճակի չէ կառավարելու, սա համարում է նաև փրկօղակ, որ կլինի ի վերջո մի կառույց, մի անձ, ով ավելի վստահ կկարողանա խոսել ի հակառակը Հայաստանի իշխանությունների։ Սրանք խորամանկ արված քայլեր են, որովհետև Արայիկ Հարությունյանը կոնկրետ երբևէ ի շահ պետության կամ պետության շահից ելնելով, որևէ մեկը չի կարող փաստել, որ որևէ քայլն ինքն արել է», - ասաց նա։

Ինչ վերաբերում է Դավիթ Իշխանյանին, ապա Մետաքսե Հակոբյանը նշում է, որ ողջունում են Իշխանյանի ընտրությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում՝ հուսալով, որ դաշնակցական պատգամավորին կհաջողվի ավելի անկախ գործել, ու Արցախի խորհրդարանը կկարողանա որպես առանձին քաղաքական միավոր որոշումներ կայացնել՝ մեծացնելով Արցախի սուբյեկտայնությունը։

Դավիթ Իշխանյանն արժանի թեկնածու է. Արայիկ Հարությունյան

Արցախ TV-ն այսօր կարճ տեսանյութ է հրապարակել Ազգային ժողովի նիստում նախագահ Արայաիկ Հարությունյանի ելույթից։ Վերջինս դաշնակցական Դավիթ Իշխանյանին արժանի թեկնածու է համարել. - «Անկախ իր կուսակցական պատկանելիությունից՝ Դավիթ Իշխանյանն այնպիսի քաղաքական և պետական ճանապարհ է անցել, այնպիսի փորձ ու հարգանք է վաստակել, որոնք արդեն իրեն դարձնում են արժանի թեկնածու Ազգային ժողովի նախագահի համար»:

Ի դեպ, դաշնակցականները հիշեցնում են՝ 1992-ին էլ Արցախում ճակատագրական պահ էր, և այդ ժամանակ խորհրդարանի նախագահությունը ստանձնեց դաշնակցական Արթուր Մկրտչյանը։

Խորհրդարանի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանն այսօր այցելել է Արթուր Մկրտչյանի շիրիմին։

XS
SM
MD
LG