Մատչելիության հղումներ

Հրաչյա Սարգսյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար


Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօրվանից պաշտպանության փոխնախարարներից մեկն է։ Նշանակման մասին վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում։

Ի՞նչ կապ ունի 38-ամյա Սարգսյանը Զինված ուժերի կամ ռազմական գերատեսչության հետ. փաստացի՝ զինծառայությունից բացի՝ ոչ մի։

Կառավարության կայքում նշված է, որ նա 2005-ից 2007 թվականներին ծառայել է որպես դասակի հրամանատար, զորացրվելուց հետո էլ լեյտենանտի կոչում ստացել։ 38-ամյա նորանշանակ փոխնախարարը տեխնիկական կրթություն ունի, ճարտարապետ է, նաև հանրային ֆինանսների կառավարման մասնագետ։ Մինչ քաղաքականություն մտնելը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել հայկական երկու առևտրային բանկերում։

Խորհրդարանական ընդդիմությունից Սարգսյանի նշանակումը անտրամաբանական են համարում։ «Հայաստան» խմբացկության պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը պնդում է՝ այս նշանակումը իշխանությունների՝ զինված ուժերի նկատմամբ արհամարհանքի մասին է վկայում:

«Այս իշխանությունը, ինչպես նախկինում, զինված ուժերի նկատմամբ չունի որևէ ռազմավարություն, դեռ ավելին, ունի արհամարհանք: Նրա համար էական չի՝ զինված ուժերի և՛ բարեփոխումները, և՛ Հայաստանի անվտանգային համակարգի կայունությունը, և ի շարունակություն նախկինում եղած աղմկահարույց նշանակումներին, սա այդ նշանակումների տրամաբանության մեջ պետք է նայել, ցավոք սրտի», - ասաց Մանուկյանը:

Ընդդիմադիրների քննադատություններին նույն հանձնաժողովից իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է արձագանքում. - «Մեղադրանքներն ակնհայտորեն սին են ու ոչ մի աղերս չունեն իրականության հետ, որովհետև պարոն Սարգսյանն իրեն դրսևորել է որպես շատ լավ կառավարիչ ու ակնհայտ է, որ նա կարող է իր ներդրումն ունենալ Պաշտպանության նախարարությունում»:

Ալեքսանյանը շեշտում է՝ Պաշտպանության նախարարությունն ունի նաև ոչ զինվորական գործառույթներ. - «Կան համակարգման ոլորտներ, որոնք ուղիղ զինվորական չեն և այնտեղ ֆունկցիաները կատարելու համար պարտադիր չէ հենց կադրային զինվորական լինելը: Եվս մեկ անգամ հիշեցնեմ Վիգեն Սարգսյանին, ով բանակում ծառայած չլինելով պաշտպանության նախարար էր դարձել»:

Սարգսյանի նշանակումից հետո ռազմական գերատեսչությունն այսպիսով այժմ 4 փոխնախարար ունի։ Այս տարի ընդունված օրենսդրական փոփոխությամբ՝ Գլխավոր շտաբի պետը՝ Էդվարդ Ասրյանը նաև նախարարի առաջին տեղակալն է։ Մյուս երկու փոխնախարարներն են Արման Սարգսյանն ու Կարեն Բրուտյանը։ Երկուսն էլ մինչ իրենց պաշտոններում նշանակվելը զինված ուժերում չեն աշխատել։ Սարգսյանի ամբողջ կարիերան ոստիկանությունում է անցել, իսկ տնտեսագետ Բրուտյանը երկար տարիներ ֆինանսների նախարարություն է աշխատել։

Իսկ ահա Հրաչյա Սարգսյանը չորս ամիս է վարչապետի խորհրդականն էր։ Նախքան այդ՝ մեկ տարուց մի փոքր ավելի քաղաքապետի պաշտոնում աշխատելուց հետո, որոշման պատճառները չբացահայտելով, մարտին հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ շարունակելու մնալ իշխող քաղաքական թիմի հետ։

«Ինձ համար մեծ պատիվ է եղել լինել Երևանի քաղաքապետ, ծառայել Երևանին», - հայտարարել է նա:

Երևանի քաղաքապետարանում Սարգսյանը հայտնվեց 2018-ին՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվեց ավագանու անդամ, հետո էլ փոխքաղաքապետ նշանակվեց։ 3 տարի անց էլ Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո քաղաքապետ դարձավ։

Քաղաքապետի պաշտոնում Սարգսյանի ակտիվությունը երկար չտևեց։ Հրաժարականին նախորդող ամիսներին երևանցիները նրան միայն ավագանու նիստերը վարելիս էին տեսնում։ Հանրային վայրերում՝ բոլոր միջոցառումներին առաջին պլանում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էր, որն էլ հաջորդ ամիս կայանալիք ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն է։

XS
SM
MD
LG