Կովկասում ԱՄՆ-ի բանակցային հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն ժամանել է տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին, կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելը, ադրբեջանական Turan գործակալությանն ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Պարոն Բոնոն նախատեսում է հանդիպել առանցքային շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին: Նա կայցելի և՛ Ադրբեջան, և՛ Հայաստան»,- ըստ լրատվամիջոցի՝ ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը։
Միլլերի խոսքով՝ Լուիս Բոնոն կքննարկի Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար պայմանները, իրավունքներն ու անվտանգությունը։
«Մենք հետևողականորեն հայտարարել ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի այդ պաշտպանությունը», - հավելել է Միլլերը՝ շեշտելով՝ ամերիկյան կողմը պատրաստ է նպաստել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին։
Լուիս Բոնոն երեկ է ժամանել Երևան։ Նա Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։