Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկին Ճապոնիան ևս 750 անուն ապրանք է ավելացրել, այդ թվում՝ մեքենաներ


Ճապոնիա - Արտահանվող ավտոմեքենաներ Յուկոհամայի նավահանգստում, արխիվ
Ճապոնիա - Արտահանվող ավտոմեքենաներ Յուկոհամայի նավահանգստում, արխիվ

Ճապոնիան արգելել է 1,9 լիտրից մեծ ծավալի շարժիչով նոր և օգտագործված մեքենաների, հիբրիդային և էլեկտրական մեքենաների մատակարարումը Ռուսաստան։ Այս մասին հաղորդվում է Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության կայքում։

Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների ցանկին ավելացվել է մոտ 750 անուն ապրանք, այդ թվում՝ խոշոր մեքենաների անվադողեր, զբոսանավեր, լոկոմոտիվներ և գնացքներ, մետաղներ, ներկանյութեր: Էկոնոմիկայի նախարարությունը հաղորդում է, որ ցանկը կհստակեցվի մինչև օգոստոսի 2-ը։

Ըստ Kyodo-ի՝ անցյալ տարվա ապրիլին Ճապոնիան արդեն արգելել էր ավելի քան 6 մլն իեն (43 հազար դոլար) արժողությամբ նոր պրեմիում մեքենաների մատակարարումը Ռուսաստան։

2022 թվականի վերջին դեպի Ռուսաստան ճապոնական արտահանման ծավալը կրճատվել է 30 տոկոսով: Այս ցուցանիշի կեսից ավելին բաժին է ընկնում ավտոմեքենաներին, որոնց մեծ մասը նոր չեն։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկզբից Ճապոնիան այլ երկրների հետ միասին սկսեց պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ։ Ճապոնիայի իշխանություններն արգելել են պատվաստանյութերի, բժշկական սարքավորումների, անօդաչու թռչող սարքերի, պողպատի և ալյումինի ու այլ ապրանքների արտահանումը Ռուսաստան։ Ճապոնիայի սահմանած անձնական պատժամիջոցների տակ ընկան նախագահ Վլադիմիր Պուտինը, բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, գործարարներ և այլոք։

XS
SM
MD
LG