Մատչելիության հղումներ

Համայնքները սոցօգնություններ են շռայլում համայնքի ղեկավարի որոշումներով, շատ դեպքում ստացողներն անհայտ են


Վանաձորում վերջին երեք ամիսներին մոտ 5 միլիոն 700 հազար դրամ է բաշխվել

Համայնքապետարաններն ու մարզպետարաններն ամեն ամիս զգալի դրամական օգնություններ են բաժանում։ Օրինակ՝ Վանաձորում վերջին երեք ամիսներին մոտ 5 միլիոն 700 հազար դրամ է բաշխվել՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի ուղիղ որոշմամբ։ Ընդ որում՝ եթե մայիսին օգնություն ստացած 67 շահառուների ցանկը կցված է որոշմանը, ապա հաջորդ երկու ամիսների դեպքում պարզ չէ՝ ովքեր են ստացել այդ գումարը, որքան են ստացել կամ ինչ հիմնավորմամբ։

«Բացի Վանաձոր քաղաքից, մնացած բոլոր համայնքներում սոցիալական օգնություն տրամադրողների անուն-ազգանունները գոնե կարելի է տեսնել: Վանաձորի դեպքում դա ներքին որոշումով է լինելու, համայնքի ղեկավարի այս դեպքում պաշտոնակատարի որոշմամբ և համարում են դա գաղտնի ու հրապարակման ենթակա չէ», - ասաց իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը:

Վանաձորցի իրավապաշտպանի ձեռքի տակ ՏԻՄ օրենքն է, ըստ որի դրամական հատկացումների բոլոր որոշումները պետք է բացառապես ավագանին կայացնի։ Մինչդեռ համայնքների մեծ մասում այդ լիազորությունը համայնքների ղեկավարներն են ստանձնել։ Վանաձորի դեպքում ավագանին դեռ 2017-ին իր լիազորությունը տվել է համայնքի ղեկավարին ու վերջինս կարող է իր հայեցողությամբ ու հատուկ հանձնաժողովի եզրակացությամբ գումար բաշխել Վանաձորի բնակիչներին։ Մինչդեռ կայացրած որևէ որոշման կցված չէ հանձնաժողովի եզրակացությունը՝ արդյո՞ք գնահատել են օգնություն խնդրող ընտանիքի կարիքները, ինչը թույլ է տվել օգնություններ բաժանել՝ առանց շահառուների ցանկը հրապարակելու։

«Հունիսին Անի համայնքը 4 միլիոն դրամ սոցիալական օգնություն է հատկացրել տարբեր ընտանիքների»

«Հունիսին մի որոշմամբ, օրինակ, Անի համայնքը 4 միլիոն դրամ սոցիալական օգնություն է հատկացրել տարբեր ընտանիքների», - նշեց Քոթանջյանը:

Այս դեպքում որոշումը ավագանին է կայացրել, ստացողների անուններն էլ պատշաճ հրապարակված են։ Հիմնականում 20-50 հազար դրամ են բաշխել, բայց, օրինակ, շիրակավանցի Հարություն Հարությունյանին միանգամից կես միլիոն դրամ են տվել տան վերանորոգման նպատակով, մարալիկցի Մանուշակ Դավթյանին էլ՝ 200 հազար դրամ առողջական խնդիրները լուծելու համար։

Ավագանու ներկա 11 անդամներն էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից են եղել։ Բոլոր 11-ն էլ 4 միլիոն դրամի սոցիալական աջակցության առաջարկին միաձայն կողմ են քվեարկել։ Տեղի ընդդիմությունը, որ չի մասնակցում նիստերին, Անիում ընտրություններից հետո շռայլ դրամական օգնությունները կաշառք է որակում։

Ընդդիմադիր «Ազգ-համայնք» խմբակցության անդամ, Անին 18 տարի ղեկավարած Արտակ Գևորգյանը, ով պարտվեց 4 ամիս առաջ տեղի ունեցած ընտրություններում, ենթադրում է, թե Անիում իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններից առաջ խոստացել, ընտրություններից հետո՝ բաժանել է խոստացած գումարը։

«Դա, հավանաբար, իրենց կողմից հնչեցված նախընտրական խոսքն է: Կան սոցիալապես շատ ավելի ծանր պայմաններ ունեցող մարդիկ և առողջական խնդիրներ ունեցող, ընդամենը 20-30 հազար դրամ է հատկացումներ արվում, իսկ անհատական, միայնակ ապրող քաղաքացուն տրվում է շատ ավելի բարձր՝ տասնապատիկ ավելի բարձր օգնություն», - ընդգծեց Գևորգյանը:

Երկու տարի առաջ՝ խորհրդարանական ընտրությունների շեմին կալանավորվել էր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի անդամ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Նա մեղադրվում էր ընդդիմադիր դաշինքի օգտին ընտրողներին կաշառք տալու մեջ։

Ըստ Հատուկ քննչական ծառայության, գործող համայնքապետը, որ նաև թեկնածու էր, իր ենթակայի հետ մի խումբ բնակիչների տարբեր խնդիրների լուծման համար 100-ից մինչև 220 հազարական դրամի չափով օգնություն էր տվել՝ համայնքապետի որոշմամբ ու բանկային փոխանցումով։ Իրավապահները դա համարել էին ընտրակաշառք, մեղադրանք առաջադրել ու կալանավորել Առուշանյանին։

9 ամսվա կալանքից հետո դատարանն այս գործով արդարացրեց նրան ու ազատ արձակեց։

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում մոտ 8 միլիոն 300 հազարի օգնություն են բաժանվել

Այս տարի համայնքային իշխանությունները շռայլ են եղել նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում։ Մոտ 8 միլիոն 300 հազարի օգնություն են բաժանել դարձյալ համայնքի ղեկավարի որոշմամբ՝ առանց ավագանու։ Այստեղ ևս որոշումներին մեծամասամբ կցված չեն դրամական օգնություններ ստացածների անունները։ Հրապարակել են միայն այն դեպքում, երբ օգնությունները բաշխվել են կոնկրետ այդ ամիս ծնված երեխաների մայրերին կամ մահացած անձանց ընտանիքներին։

Թե ինչո՞ւ են մի դեպքում կարևորել հրապարակայնությունն ու ինչո՞ւ մյուս դեպքերում գաղտնիություն պահել, հայտնի չէ։ Միայն հարցեր են առաջանում՝ արդյո՞ք չկան կոռուպցիոն ռիսկեր, արդյո՞ք սոցօգնությունները տեղին են բաժանվել ու արդյո՞ք դրանք հասել են հասցեատերերին։

«Այստեղ պետք է առնվազն ուսումնասիրվի, թե ովքեր են ստացել այդ 4 միլիոն դրամը», - ասաց իրավապաշտպանը:

Ի դեպ, Գյումրին եզակիներից է, որտեղ սոցօգնությունների մասին որոշումները բացառապես կայացնում է համայնքի ավագանին ու հրապարակվում է շահառուների ողջ ցանկը։

XS
SM
MD
LG