Մատչելիության հղումներ

Անի համայնքը կղեկավարի ՔՊ-ական Արման Սարիբեկյանը


Արման Սարիբեկյան
Արման Սարիբեկյան

Անի խոշորացված համայնքը նոր ղեկավար ունի՝ «Քաղաքացիական պայմանագրից» Արման Սարիբեկյանը ավագանու որոշմամբ այսօր ստանձնեց պաշտոնը։

Ավագանու նիստին մասնակցում էր միայն արտահերթ ընտրություններում հաղթանակ տարած «Քաղաքացիական պայմանագիրը»։ Մյուս 3 ուժերը՝ «Ազգ-համայնք» դաշինքը, «Հայկական երազանք» ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունները նիստը բոյկոտել էին։

Թե ինչու, ո'չ «Հայկական երազանքի», ո'չ էլ երկրորդ տեղը զբաղեցրած «Ազգ-համայնքի» ցուցակի առաջին համարներից ողջ օրվա ընթացքում չհաջողվեց ճշտել, նրանք մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։ Իսկ ահա ընդամենը մեկ մանդատ ստացած «Իմ հզոր համայնքի» համայնքապետի թեկնածուն՝ Արմենակ Նաջարյանը իշխող ուժին հիշեցրեց անցած սեպտեմբերի հերթական ընտրություններից հետո Քաղպայմանագրի բոյկոտը, ինչի հետևանքով Անիում ավագանի չձևավորվեց ու արտահերթ նշանակվեց. - «Իրանք էն ժամանակ բոյկոտել են։ Ընտրություն էր մարտի 26-ին, թող էդ ամեն ինչը հաշվի առնելով՝ լրիվ չդնեին դուռ-լուսամուտ փակեին, մի հատ ֆորտուշկա, փոքր մի հատ բան թողեին, որ համագործակցության եզրեր գտնեին»։

Նաջարյանը պնդեց, թե մյուս ընդդիմադիր ուժերի հետ ավագանու նիստը բոյկոտելու համատեղ որոշում չի եղել, ամեն մեկն ինքն է որոշել։ Ինքը մեկ մանդատով նիստերին մասնակցելն անիմաստ է համարում. - «Եթե նիստերին մեկ հոգով, մեկ ձենով տասնմեկի դեմ ի՞նչ պիտի մասնակցեմ։ Ինչ հարց էլ ես դնեմ, իրանք պտի չընդունեն...»

Այսօրվանից մոտ 14 հազար բնակիչ ունեցող համայնքը ղեկավարող Արման Սարիբեկյանը ավագանու ընդդիմադիր տասը անդամներին հորդորում էր մոռանալ նախընտրական շրջանում ունեցած տարաձայնություններն ու մասնակցել նիստերին. - «Էն ամբիցիաները, էն քաղաքական, նախընտրական մթնոլորտը թողեն արդեն անցյալում և կառուցողական դաշտ մտնեն և փորձեն համայնքի զարգացման մասին մտածել, որովհետև իրենց բոյկոտելու արդյունքում համայնքը կարող է շատ տուժել։ Մի շարք ծրագրեր կան, որ պետք է առնվազն երկու երրորդը մասնակցի»։

Հարցին, թե գուցե հիմա էլ բոյկոտով մյո՞ւս ուժերն են պատասախանում ՔՊ-ին, Սարիբեկյանը պատասխանեց. - «Ես անկեղծ, ընդհանուր համեմատություն անելով, նմանություն գոյություն չունի։ Որովհետև էն ժամանակ փաստացի պետք էր կատարվեր ավագանու միջոցով ընտրություն համայնքի ղեկավարի, որը հիսուն պլյուս մեկը չէր ապահովել, դրա համար մենք էդ հստակությունը և վստահության քվեն ստանալու համար մենք գնացել ենք էդ քայլին։ Դա բումերանգի էֆեկտ չի, ուղղակի հենց օրենքով նախատեսված կարգով մենք պահել ենք մեզ հարիր պահվածքում»։

Առանց ավագանու 2/3-ի համայնքի ֆինանսական գլխավոր փաստաթուղթը՝ բյուջեն չի կարող հաստատվել։ Անին արդեն մի քանի ամիս է բյուջե չունի, ու նորընտիր համայնքապետը, ով 4 ամիս ժամանակավոր պաշտոնակատար էր, ասում է, թե խնդիրներ են առաջ գալիս ու համայնքի շատ ծրագրեր տուժում են. - ««Իհարկե, բյուջեն մինչև չհաստատվի, մենք չենք կարող պլանավորել, համայնքի զարգացումը հաստատ լիարժեք չենք կարող ապահովել»։

Անի խոշորացված համայնքը 19 բնակավայր է միավորում, հիմնականում հայ-թուրքական սահմանի գյուղերն են, որտեղ տասնամյակներով չլուծված խնդիրներ կան։

XS
SM
MD
LG