Բողոքի ցույցերն Իրանում ավարտվել են, պնդում է երկրի արտգործնախարարը։ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն այդ մասին հայտարարել է երեկ՝ Սարաևոյում ասուլիսի ընթացքում, ցանկացողներին էլ հրավիրել է Իրան՝ անձամբ համոզվելու։
Իրանցի պաշտոնյան այս հայտարարությունն անում է երկրում մեկնարկած համատարած գործադուլների ֆոնին։ Եռօրյա գործադուլ իրականացնելու ցուցարարների կոչերից հետո տասնյակ քաղաքներում ու բնակավայրերում խանութները, ավանդական շուկաները չեն բացվել։ Լրատվամիջոցներն այս պատկերն «Ուրվականների քաղաքի» են նմանեցնում։
Իրանում արդեն մի քանի ամիս է՝ զանգվածային ցույցեր են։ Դրանք բռնկվել են հիջաբը ոչ պատշաճ կրելու համար ձերբակալված երիտասարդ կնոջ մահից հետո։ Չնայած «բարոյականության ոստիկանության» լուծարման մասին իրարամերժ լուրերին՝ Իրանի պաշտոնյաները չեն դադարում հիջաբ կրելու պահանջից խոսել։
Իրանցի պատգամավոր Հուսեյն Ջալալին երեկ վստահեցրել է՝ հիջաբը երբեք չի վերացվի, հայտարարարելով, թե այլ տարբերակներ են փնտրում հիջաբ կրելը պարտադրելու համար, տարբերակներից մեկը ֆինանսական պատիժն է։