Մատչելիության հղումներ

ՀՀ իշխանությունները հասկանում են ԼՂ իրավիճակը միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելու քաղաքացիական քայլերը. վարչապետի խոսնակ


Հայաստանի իշխանությունները հասկանում են ադրբեջանական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի հետևանքները միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելուն ուղղված քաղաքացիական քայլերը: Այս մասին «Արմենպրես»-ին ասել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում առավոտից մեկնարկած հանրահավաքին։

«Հայաստանի իշխանությունները հասկանում են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի հետևանքներն ու Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությունը միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելուն ուղղված քաղաքացիական քայլերը։

Հայաստանի կառավարությունը ինքը ջանքեր է գործադրում այս ուղղությամբ: Միջազգային հանրությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի ի կատար ածելու Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքի ապաարգելափակման մասին:

ՀՀ կառավարությունը այս առումով նաև ընդգծում է, որ միջազգային մեխանիզմի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության օրակարգով Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը անհրաժեշտություն է», - նշել է Բաղդասարյանը։

Վաղ առավոտից Լեռնային Ղարաբաղում բազմամարդ հանրահավաք է՝ ապաշրջափակման պահանջով։ Մի խումբ ցուցարարներ վրաններ են տեղադրել խաղաղապահների գրասենյակի մոտ, վրանային ավան է ստեղծվել նաև Ստեփանակերտի կենտրոնում, ցույցն անժամկետ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG