Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը Պաշտպանության բանակի ենթադրյալ ամրաշինական աշխատանքներն իբր կասեցնելու մասին:
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 13-ին` ժամը 11:15-ին և ժամը 14։10֊ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Հանրապետության Ասկերանի և Քարվաճառի շրջաններում, որոնք իբրև թե կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է», - ասված է Արցախի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
Բաքուն պնդում է, թե Արցախի զինված ուժերը «փորձել են մշտական ամրություններ հաստատել Աղդամի և Քելբաջարի շրջանների ուղղությամբ տեղակայված» ադրբեջանական դիրքերի դիմաց:
Արցախի Պաշտպանության բանակը բազմիցս ընդգծել է, որ նման հաղորդագրություններով Ադրբեջանը ցանկանում է արդարացնել սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի պարբերական խախտումները։