Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ականի պայթյունի զոհ են դառնում բազմաթիվ սակրավորներ, այդ տվյալները հաճախ կոծկվում են


Ադրբեջան - ANAMA-ի սակրավորները աշխատանքի ժամանակ, արխիվ
Ադրբեջան - ANAMA-ի սակրավորները աշխատանքի ժամանակ, արխիվ

Միջազգային հարթակներում ցանկացած առիթով ականների վնասների ու վտանգավորության մասին բարձրաձայնող, հայկական կողմին մեղադրող պաշտոնական Բաքուն աչք է փակում սեփական երկրում ականազերծում իրականացնող ANAMA (Azerbaijan National Agency for Mine Action) ընկերության խախտումների վրա, որոնք հաճախ հանգեցնում են մահվան դեպքերի՝ նախ և առաջ սակրավորների շրջանում։

Օրհան Բաղիրզադեն տասը տարուց ավելի աշխատել է ականազերծմամբ զբաղվող այդ կենտրոնում, եղել է նաև 44 -օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում։ «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում սակրավորը պատմել է, թե ինչպես են գործընկերները գործատուի ճնշումների հետևանքով դժբախտ պատահարի զոհ դառնում:

«Ասում են՝ շտապեք, շատ ականներ հանեք, դաշտի մեկ քառակուսի մետր տարածքից պետք է շատ ականներ հանեք։ Ականազերծողը հոգնում է կամ սխալվում ու ընկնում ականի վրա։ Օրինակ՝ դեպք է եղել, երբ գիշերային ժամին դիակի մասին ահազանգ է ստացվել, և հանձնարարվել է դուրս բերել դիակը։ Արդյունքում մեր ականազերծողն է կորցրել ոտքը․ սա նշանակում է, որ գիշերային ժամերին չի կարելի գործողություն իրականացնել», - նշել է Բաղիրզադեն:

44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանում ականի վրա պայթել է 141 մարդ, առնվազն 27-ն էլ վնասվածքներ են ստացել ծառայողական պարտականությունները կատարելիս։ Այս տվյալները հրապարակել է «Ադրբեջանական ականազերծման արշավ» հասարակական միավորումը:

Պետական կառույցներն ու ANAMA-ն, որպես կանոն, խոսում են խաղաղ բնակիչների մասին՝ շրջանցելով հարցը, թե քանիսն են ականի զոհ դարձել մասնագիտական պարտականությունները կատարելիս։ Ի տարբերություն պաշտոնյաների, գործակալության նախկին աշխատակից Օրհան Բաղիրզադեն բազմաթիվ փաստեր է բերում, պնդելով, որ ականազերծողների անվտանգությունն ու իրավունքները չեն պաշտպանվում։ Արդյունքում, սակրավորները շարունակում են ականների զոհ դառնալ:

Ադրբեջանի կառավարությունն այս պնդումները չի հաստատում: Անցյալ տարի պետական վերահսկողությունը ANAMA-ի գործունեության ընթացքում մոտ 350 դոլարի ֆինանսական չարաշահում էր միայն հայտնաբերել, որն, ինչպես հաղորդվել է, անմիջապես վերադարձվել է բյուջե։

Մինչդեռ կառույցի աշխատակիցները մահացու խախտումների մասին են բարձրաձայնում:

Ֆարհադ Ահմեդովն ականազերծմամբ զբաղվել սկսել է 2006 թվականից, անցյալ տարի հեռացվել է աշխատանքից՝ ղեկավարության հետ հակասությունների պատճառով. գործատուն նրան մեղադրել է աշխատանքի ընթացքում անպարկեշտ արտահայտություններ անելու համար, ինչը Ահմեդովը հերքում է՝ նրա միակ բողոքը եղել է իր ու գործընկերների անվտանգության խնդիրների մասին։

«Եթե սարքավորումը փչացել է և դու պայթել ես ականի վրա, անփույթը դու ես։ Մեկը պայթել է ականի վրա, ոտքը հեռացրել են։ Ասում էին իբր որոշ սարքավորումների վրա եթե ջրի կաթիլներ են ընկնում, այն անցնում է ջրային ռեժիմի, ոչ մի ձայն, ազդանշան չի տալիս», - նշել է Ահմեդովը:

Ադրբեջանցի սակրավորներին, ըստ պաշտոնյաների, ականազերծման ժամանակ նաև հատուկ վարժեցված շներ են օգնում։ ANAMA-ի նախկին աշխատակիցները, սակայն, պնդում են՝ շների անվտանգությունն էլ չի ապահովվում, չափից շատ են ծանրաբեռնում, ինչի հետևանքով, օրինակ, Բելգիայից ուղարկված սակրավոր-շներից մեկը վերջերս ականի զոհ է դարձել։

«Ազատության» ադրբեջանական ծառայությունն ANAMA-ի աշխատակիցներից բազմաթիվ դժգոհություններ է ստացել՝ հատուկ համազգեստի սղություն, ականազերծման դասընթացների բացակայություն, սարքավորումների վերաբերյալ։ Սակրավորները պնդում են նաև, որ օտարերկրացի աշխատողներն իրենցից ավելի են վարձատրվում, մինչդեռ իրենց կյանքն ապահովագրված չէ, գործատուն ամեն վայրկյան կարող է աշխատանքից ազատել։ Ականազերծողներն ասում են, թե պաշտոնյաները կոծկում են ականների պայթյուններն ու սակրավորների զոհվելու դեպքերը, դրանց մասին բարձրաձայնողներին էլ՝ պատժում։

ANAMA -ն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հարցմանն ի պատասխան հերքել է բոլոր այս մեղադրանքները, հավաստիացնելով, որ գործում է բացառապես օրենսդրության շրջանակներում:

Անհատական նախաձեռնությամբ ստեղծված ադրբեջանական մի արհմիության ղեկավար՝ Աֆիեդին Մամեդովը, հակադարձում է ANAMA-ին՝ վկայակոչելով սեփական ուսումնասիրությունը․ - «Աշխատակիցներից ստացված տեղեկատվության հիման վրա կարելի է ասել, որ ամեն ամիս առնվազն մեկ մարդ պատահարի զոհ է դառնում՝ վիրավորվում կամ զոհվում է ականի պայթյունից։ Նրանք այս ոլորտում ունեն նաև կրթության հետ կապված խնդիրներ։ Հիմնականում պատերազմի մասնակիցներ են ..․․ Նրանք այդ գործընթացում ներգրավվում են ընդամենը մեկամսյա, եռամսյա, մեկամյա կարճ դասընթացներից հետո։ Տեղեկություններ չկան, թե որքանով են արդյունավետ այս դասընթացները»։

Պարզել կարող է պետությունը, սակայն չի անում, հավելում է իրավաբան Քանան Գայբովը:

«Աշխատանքի պաշտպանության նորմերի խախտման, աշխատանքային պայմանագրի անօրինական խզման, զանգվածային կրճատումների հետ կապված կարող են միջոցներ ձեռնարկվել ANAMA-ի դեմ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն։ Նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկել։ Կարվեն այս քայլերը թե ոչ՝ մնում է հարցականի տակ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG