Մատչելիության հղումներ

Երևանի մի քանի վարչական շրջաններում դժգոհ են ջրի որակից և ոչ շուրջօրյա մատակարարումից. ընկերությունից արձագանքում են


Էրեբունի վարչական շրջանի շատ բնակիչներ շուրջօրյա խմելու ջուր չունեն։ Երբ էլ ունեն, չեն կարողանում խմել. ցայտաղբյուրից են ջուր տանում։

«Սաղ Էրեբունու տարածքի ջուրը քլորով ա, ինչով ա, թույն ա, ինչ ա, երեխեքը էլ աղիքային, ինչ վարակ ասես բռնում են, սաղ ժողովուրդը էս պուլպուլակով ա ապրում», - ասում է քաղաքացիներից մեկը։

«Փողերը նորմալ մուծում ենք, բայց շատ շուտ են կտրում ջուրը, ու նորմալ ջուր չի, գոնե հարամ ջուրը թողնեն, լողանան երեխեքը», - նշում է մեկ ուրիշը։

«Ազատությունը» մատակարարող «Վեոլիա ջուր» ընկերությունից հետաքրքրվեց, թե ինչու Էրեբունու և մի քանի այլ վարչական շրջանների բնակիչներ չունեն մշտական ջուր։

«Մեր ընկերությունը՝ որպես բիզնես միավոր, ձգտում է, որ 24 ժամյա ջրամատակարարում լինի, բայց մեր ընկերությունը 24 ժամյա ջրամատակարարման պարտավորություն չունի», - ասաց ընկերության վարձակալության պայմանագրերի կառավարման տնօրեն Արտակ Մալխասյանը։

Նոր Արեշի բնակիչները հիմնականում դժգոհում են ջրի որակից։ Ասում են՝ ծորակի ջուրը խմելու պիտանի չէ, և ստիպված են ցայտաղբյուրից տարաներով կրել։ «Վեոլիա ջրից», սակայն, բացառում են ջրի վատ որակը, հավաստիացնելով՝ ցայտաղբյուրից հոսում է նույն ջուրը, ինչ բնակարաններում։

«Ջրի վերահսկողությունը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Ջուրը որպես այդպիսին լիարժեք խմելու ենթակա ջուր է», - հավելեց Աչտակ Մալխասյանը։

Չնայած Հայաստանի մեծ մասին ջուր մատակարարող ընկերության հավաստիացումներին՝ ոլորտի փորձագետ Արևիկ Հովսեփյանը չի բացառում, որ կարող է ջուրը ցածր որակի լինել.- «Երբ քո համակարգը կայուն չի, այսինքն՝ նոր չէ, վթարային վիճակում է գտնվում, այդ ջրի որակի հետ կապված ամեն ինչ կարող է լինել, դուք չեք կարող հաստատ ասել, որ մենք ունենք լավ որակի ջուր»։

Համակարգերի մաշվածությունը ոչ միայն ջրի որակի խնդիր կարող է ստեղծել, այլ հանգեցնում է մեծ քանակի կորստի։

«Մեր խմելու ջրի կորուստը 70 տոկոսից չի իջնում, Դուք պատկերացրեք, որ 100 լիտր ջուր վերցնում ենք, 70-ը կորցնում ենք, 30-ը ուզում ենք բաշխել ու բավականացնել բնակիչներին», - նկատեց նա։

«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ իրենց գործունեության մեկնարկից՝ 2017 թվականից մինչև այսօր, պետության աջակցությամբ կարողացել են ջրի կորուստը 81 տոկոսից հասցնել 64-ի։ Ջրամատակարարման համակարգը վերակառուցող «Ջինջ» ընկերության տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը ասում է, որ ջրի կորստի էական կրճատման համար անհրաժեշտ է 60 տարի առաջ կառուցված համակարգը փոխարինել նորով, ինչի ուղղությամբ քայլեր անում են։

«Երևանի համար մենք ունենք 3-4 նոր ծրագրեր, Մալաթիա-Սեբաստիա, Սիլիկյան թաղամաս, Նոր խարբերդ, և էլի մեկ-երկու թաղամասերում ունենք ջրամատակարարման համակարգի հիմնովին վերականգնում, վերակառուցման աշխատանքներ», - ասաց նա։

Ջրային համակարգի կառավարման մարմինը Ջրային կոմիտեն է, որը վերահսկում է «Վեոլիա ջրին» և մյուս ջրամատակարարներին։ Կոմիտեից հրաժարվեցին պատասխանել «Ազատության» հարցերին, թե ինչ են անում, որ Երևանում ջրամատակարարման որակը բարձրանա։

«Ջրային կոմիտեն շատ քիչ իրավասություններ ունի ազդելու «Վեոլիայի» վրա, որովհետև կա պայմանագիր կնքված, որի շրջանակներում կազմակերպությունը իրականացնում է», - նշեց Արևիկ Հովսեփյանը։

Ֆրանսիական «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը գործելու է մինչև 2031 թվականը։ Ընկերությունը պարտավորվել է միջինը առնվազն 23 ժամ ջրամատակարարում իրականացնել և տարեկան 1.5 տոկոսով նվազեցնել ջրի կորուստը։

«Ներդրումների անհրաժեշտություն է լինո՞ւմ, ներդրումները կառավարության պատասխանատվության խնդիր են, այսինքն՝ մեր պայմանագրով կա սահմանած որոշակի ծավալ ներդրումների, օրինակ՝ 37,5 միլիարդ 15 տարիների ընթացքում մենք պետք է ներդրում կատարենք, բայց խոշոր կապիտալ, մեծ ծավալի աշխատանքների ներդրման պատասխանատվությունը կառավարությանն է», - հավելեց Արտակ Մալխասյանը։

Երբ, ի վերջո, Էրեբունիի և այլ վարչական շրջանների բնակիչները կունենան շուրջօրյա ջուր, հարցի պատասխանը որևէ մեկը դեռ չունի։

Ժաննա Բեքիրյան

XS
SM
MD
LG