Մատչելիության հղումներ

Վանաձորում «Ազատության» լրագրողի վրա հարձակված Գալստյանը շարունակում է իր ապօրինի գործունեությունը


Չնայած ոստիկանության ստացած բազմաթիվ բողոքներին, տեղական իշխանությունների տույժ֊տուգանքներին ու մարզպետի խոստումներին` միկրոձեռնարկատեր Լևոն Գալստյանը անարգել շարունակում է չթույլատրված կարուսելներ տեղադրել ու չարտոնված խաղեր կազմակերպել Վանաձորի այգիներում: Ու սա այն դեպքում, որ թե՛ մարզային ու թե՛ համայնքային իշխանությունները հաստատում են` Գալստյանին իրավունք չեն տվել պետական ու համայնքային միջոցներով նորոգված այգիներում ձեռներեցությամբ զբաղվել։

20 օր առաջ Գալստյանն «Ազատության» վրա հարձակվել էր, ինձ ու տեսախցիկը քաշքշել։ Պնդել էր, թե քաղաքային այգում տեղադրված ավտոմատ կառավարման մեքենաները, կվադրոցիկլները, ատրակցիոն խաղերն ու զվարճանքի մյուս ձևերն անվճար են։ Այցելուները չեն վճարում անգամ շահումով խաղերի դիմաց, ու որ բարեգործների հաշվին ինքն է գումարներ շռայլում։

«Ազատության» տեսանյութից մի քանի օր անց Գալստյանի շեշտադրումները փոխվեցին: Անվճար ակցիաների ու բարեգործության մասին գոռացող տղամարդը հիմա էլ պնդում է, թե հարկ է վճարում բյուջե ու ՀԴՄ կտրոն տրամադրում: ՀԴՄ սարք, սակայն, նրա ձեռքին նոր էր հայտնվել։

«Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան Պետեկամուտների կոմիտեից հայտնել են՝ Լևոն Գալստյանը 2017 թվականին վճարել է 20 հազար դրամ, 2018-ին՝ 40 հազար դրամի հարկ։ Հետո, ըստ պաշտոնական տվյալների՝ ոչ մի լումա։ Գրանցված է եղել որպես միկրոձեռնարկատեր, ով տարեկան 24 միլիոն դրամից պակաս շրջանառություն ունենալու դեպքում պարտավոր էր միայն յուրաքանչյուր աշխատողի համար ամսական 5 հազար դրամ վճարել պետբյուջե: ՊԵԿ-ից ասում են`գոնե այս տարի Գալստյանը որևէ աշխատող չի գրանցել։ Մինչդեռ «Ազատության» այցելությունների ընթացքում այգում թե՛ չափահաս ու թե՛ անչափահաս աշխատակիցներ կային։

ՊԵԿ-ից չեն հայտնում, թե արդյոք ստուգել են Գալստյանի իրական եկամուտները, արդյո՞ք չգրանցված աշխատակիցներ ունի, կամ արդյո՞ք երբևէ տուգանել են նրան։

«Հարկային գաղտնիք է համարվում հարկ վճարողի նրա գործունեության վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած ցանկացած տեղեկություն՝ առանց հարկ վճարողի համաձայնության»։

Համայնքապետարանից հայտնում են, որ Վանաձորի այգիներում ժամանց կազմակերպող մյուս տնտեսվարողներն անցած օրերին արդեն դիմել են թույլտվություն ստանալու։ Մինչդեռ ամենաշատ խաղատեսակներ ունեցող Գալստյանը մինչև այսօր նման դիմումով չի ներկայացել։

Համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիքյանն «Ազատությանն» ասաց՝ այս շաբաթ միայն երկու որոշում են կայացրել Գալստյանին 100 հազարական դրամով տուգանելու մասին։ Արդեն ծանուցել են։ Հայտնի չէ՝ ինքնագործ ձեռներեցը կվճարի՞ տուգանքը, թե՞ ոչ, բայց մինչև այսօր նրա ձեռքը բռնող չի եղել, շարունակում է գումար աշխատել արգելված եղանակներով։

«Ազատությանը» տված նախորդ հարցազրույցում համայնքապետարանի պաշտոնյան հաստատել էր՝ Գալստյանի գործունեությունն ապօրինի է, միաժամանակ արդարացել, թե իրենց տեսուչները քիչ են նրան վերահսկելու համար։ Ասել ու սլաքները ոստիկանությանն էր ուղղել. - «Շահումով խաղերի հետ կապված ոստիկանություն լիքը բողոքներ ու գրություններ ա գնացել քաղաքացիների կողմից։ Մեզ էլ ա էկել էդ ամեն ինչը։ Դրա համար ոստիկանությունը ևս պետք է պարզաբանի, հասկանա ինչ խնդիր կա դրա հետ կապված»։

«Ազատությունը» հնարավորություն չի ունենում քաղաքային այգում նկարահանումներ անել, քանի որ ամեն անգամ Գալստյանը մոտենում ու խոչընդոտում է մեր աշխատանքը։ Ուստի այգու այցելուներն են առանձին տեսանյութեր ուղարկում, որոնցում բարձրախոսով հաճախորդներին խաղերի հրավիրող հայտարարություններ են հնչում, երևում է, որ գների մասին ցուցանակներ են տեղադրված։ Այստեղ անգամ կվադրացիկլի վրա նստել-նկարվելը գին ունի։

Ի դեպ, դեռ 20 օր առաջ Վանաձորի համայնքապետարանի առևտրի, սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի պաշտոնակատար Արման Մովսիսյանն «Ազատությանն» ասել էր, որ չորս անիվներով ու վառելիքով աշխատող կվադրացիկները այգի բերելը ևս անօրինական է։ Պնդել էր՝ պարեկային ծառայության հետ հատուկ միջոցներ են ձեռնարկում հսկողություն սահմանելու համար. - «Այդ հատվածում ճանապարհայի նշաններ պետք ա տեղադրվի յուրաքանչյուր տեսակի տրանսպորտային միջոցի՝ թե մոտոցիկլներ, կվադրացիկլների արգելման նշաններ, որտեղ նաև պարեկային ծառայությունը իր աշխատանքը կիրականացնի, որպեսզի արգելք հանդիսանա այդ հատվածում, որտեղ որ մարդիկ քայլում են, արգելվի նմանատիպ գործունեության ծավալումը»։

Մինչ օրս ո՛չ երթևեկությունը կարգավորող նշանները կան, ո'չ էլ պարեկները։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին օրեր առաջ զարմացրեց «Ազատության» դիտարկումը, որ անօրեն ձեռներեցը շարունակում է իր գործունեությունը։ Ասաց՝ անձամբ է այգի գնացել՝ ո'չ Գալստյանին է տեսել, ո'չ էլ նրա խաղերը, որոնք այսօր էլ, ի դեպ, շարունակվում են:

«Երեկ էլ եմ ես այնտեղ էղել, իմ աչքով եմ տեսել, որ նման խնդիր չկա։ Բայց հիմա որ դուք ասում եք կա, ես նորից կանդրադառնամ, հետևողական կլինեմ», - ասաց մարզպետը։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ «Ազատության» ահազանգի հիման վրա երկու շաբաթ առաջ քրեական գործ է հարուցվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առերևույթ դեպքի առթիվ։

XS
SM
MD
LG