Մատչելիության հղումներ

Քաղաքացիները պնդում են՝ ԲԿ-ները չեն սպասարկել, ասելով, որ պետպատվերը վերջացել է. ԱՆ-ն արձագանքում է


Մինչ Առողջապահության նախարարությունը պնդում է, թե հիվանդանոցներում պետպատվերը չի սպառվել, գրեթե բոլոր հիվանդանոցներից քաղաքացիները շարունակում են հակառակ պատասխանն ստանալ։

«Արդյո՞ք բուժկենտրոններում հրաժարվել են ձեզ անվճար սպասարկել՝ պատճառաբանելով, թե պետպատվերը սպառվել է»,- դեռ նախորդ շաբաթ «Ազատության» ֆեյսբուքյան այս հարցմանն արձագանքած ավելի քան 700 օգտատեր դրական էր պատասխանել։

Արձագանքողներից մեկն էլ Արմինե Խաչատրյանն է, որը կրծքագեղձի չարորակ քաղցկեղի վիրահատությունից հետո հերթական ԿՏ-ն՝ կոմպյուտերային տոմոգրաֆիան պետք է անցնի, բայց հիվանդանոցներից նույն պատասխանն է ստացել՝ պետպատվերով հետազոտան համար պետք է մյուս տարի դիմել։

«Ասացին՝ դիմեք 2024 թվականի սկզբին, սպառված է պետպատվերը։ Ծանոթներ ունեմ, որ նման խնդրով մարտին որ տարել են, դեկտեմբերին իրենց հերթը հասել է, բայց եթե ես հիմա գնամ, անգամ այդ ուղեգիրն ինձանից չեն վերցնի։ Այդպես պատասխանեցին։ Մարտին հերթագրել են, դեկտեմբերին հասնում էր, իսկ հիմա անգամ չեն հերթագրում», - ասաց նա։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կրկնեց իր գործընկերների պնդումը՝ պետպատվերները չեն սպառվում, պարզապես էլեկտրոնային նոր համակարգով, պլանային հետազոտությունների ու միջամտությունների կարիք ունեցող մարդկանց հիվանդանոցները հերթագրում են, իսկ անհետաձգելի բուժման կարիք ունեցողներն արտահերթ են սպասարկվել, և այդպես էլ կշարունակվի։

Ոլորտի քննադատներն էլ հակադարձում են՝ տրամադրվող գումարը ճիշտ չի բաշխվում։ Նախարարի պնդմամբ՝ հերթերը հիմնականում երկու ծրագրերի շրջանակներում են։ Անահիտ Ավանեսյանն ասաց՝ հերթեր ունեցող հիվանդանոցներին նոր միջոցներ կտրամադրվեն, հրամաններն արդեն ստորագրել է։

«Եթե քաղաքացին հիպոթետիկ սեպտեմբերին ունի գրանցում, առաջիկայում նրա գրանցումը կգա առաջ, և շատ ավելի արագ կսպասարկվի։ Առաջիկայում էլ, այսօր էլ ես մի շարք հրամաններ եմ արդեն ստորագրել, և բժշկական կենտրոնները հավելումներ կունենան իրենց չափաբաժինների, ինչը կօգնի, որ այդ հերթագրումների ցուցանիշը մեկ ամսից ավելի չլինի», - ասաց նա։

Մինչև այդ հրամանները կգործեն, քաղաքացիները ստիպված են ամիսներով հերթեր կանգնել, երբեմն էլ, պարզում են, որ սխալ են հերթագրվել, ու պետպատվերուվ ստուգումը մերժվում է։ Պետպատվերի գումարը բաշխող և հսկողություն իրականացնող մարմնի ղեկավարը մեկ շաբաթ առաջ «Ազատության» եթերում հորդորել էր «պետպատվերը սպառվել է» պատասխանը ստանալու դեպքում զանգել թեժ գիծ։

Իրինա Վարդումյանը հետևել է կոչին. - «Զանգել եմ թեժ գիժ, ասացին՝ դեռ որ չկա, չկա, պիտի սպասեք։ Ասում եմ՝ երեխան ցավեր ունի, եթե հնարավորություն ունենայի, այսքան երկար չէի սպասի։ Չկա, ի՞նչ անենք։ Ասացին՝ հերթագրվել, առողջություն մաղթեցին ու անջատեցին, էլ չասացին, որ հունվարից հետո կլինի, մի 10 օրից զանգահարեք։ Ոչինչ չասացին»։

Մի քանի հիվանդանոց էլ «Ազատությունը» զանգահարեց՝ ներկայանալով որպես անչափահաս երեխայի ծնող։ Պետպատվեր բառը լսելուց հետո զանգն անջատվում էր։ Մեկ այլ կլինիկայում ասացին՝ այս տարի արդեն հնարավորություն չունեք պետպատվերի ծառայություններից օգտվել։

Անանուն մնալու պայմանով հիվանդանոցներից փոխանցեցին՝ խնդիրը գրեթե ամենուր է, եթե գումարը սպառվել է, ինչպե՞ս ասեն՝ չի սպառվում։ Պաշտոնական տվյալներով՝ այս տարի մոտ 118 միլիարդ դրամ է պետպատվերի համար հատկացվել, նախորդ տարի այդ գումարն ավելի քիչ էր՝ շուրջ 112 միլարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG