Վարչապետ Փաշինյանին հեռացնելու նպատակով ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը մի խումբ քաղաքացիների հետ երեկվանից բողոքի ակցիա էր սկսել։ «Արժանապատվության հեղափոխություն» խորագրով շարժումը նախաձեռնած Ղազարյանը Փաշինյանին հեռացնելու անհաջող փորձ էր արել նաև մեկ տարի առաջ, այս անգամ որոշել էր բողոքի ակցիան իրականացնել նախագահական նստավայրի մոտ։
«Գիշերը մնալու նպատակը եղել է այն, որ մարդիկ վստահ լինեն մեր վճռականության, մեր հաստատակամության մեջ, այսօր՝ օրվա ընթացքում մարդիկ ի զորակցություն մեզ հավաքվեն այստեղ: Մարդկանց աջակցությունը հնարավորություն կտա իրագործելու մեր հիմնական ծրագիրը. այն է՝ տեղադրել պայմանական հսկիչ անցագրային կետ դեպի Բաղրամյան 26 և հսկել այս հաստատության մուտքն ու ելքը, պահանջելով, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որ հիմա ժամանակավորապես աշխատում է այս նստավայրում, հասկանալ նրա այս շենք գալու մտադրությունները, կայացվելիք որոշումները և հասկանալ դրանց համապատասխանությունը Հայաստանի և հայ ժողովրդի շահերին», - ասաց Ղազարյանը:
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան ու Հանրապետական կուսակցության նախկին անդամ Էդգար Ղազարյանը պնդում է՝ պահն օրհասական է, եթե հիմա քաղաքացիները Փաշինյանի իշխանությանը չհեռացնեն, ապա հայ-ադրբեջանական նոր ռազմական էսկալացիայի վտանգը կմեծանա։ Ընդդիմադիր գործիչը հիշեցնում է՝ անցած ամռանն իր նախաձեռնած իշխանափոխության փորձից հետո՝ սեպտեմբերին ռազմական գործողություններ սկսվեցին, հետո էլ շրջափակվեց Արցախը։
«Հիմա մենք տեսնում ենք նույն վտանգները տրանսֆորմացված նոր իրողությունների պայմաններում: Հիմա փորձում ենք մեր գործողություններով դա կանխել: Եթե հիմա էլ չհաջողվի մեզ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել, նշանակում է, որ իրատեսությունը մեզ կկանգնեցնի նոր մարտահրավերների, նոր իրողությունների առջև», - ընդգծեց ընդդիմադիր գործիչը:
Ղազարյանն իր շարժումը երեկ է սկսել՝ Սահմանադրության օրը և այսօր՝ մեր նկարահանման պահին, նրա կողքին մեծ թվով քաղաքացիներ չկային։ Ինչո՞ւ նախորդ տարվա անհաջողությունից հետո այս անգամ իշխանափոխությունը պետք է հաջողվի, հետաքրքրվեցին Ղազարյանից։
«Հույս ունենք, որ մեր ժողովուրդը տեսնելով, որ վճռական քայլերի չգնաց ու արդյունք չունեցավ, ունեցավ աղետ, վտանգ ու վնասներ, հիմա նույնը կարա լինի և միգուցե դրանով մոտիվացված հիմա հասարակական վերաբերմունքը փոխվի: Եթե չփոխվի, մեծ հավանականություն կա, որ մենք ականատես կլինենք նոր վտանգների», - պատասխանեց նա:
Ընդդիմադիր գործիչը Բաղրամյան 26-ի առջև բողոքի ակցիան շարունակեց մինչ աշխատանքային օրվա ավարտը՝ երեկոյան 18:00-ն:
Իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» հակված չեն արձագանքել Էդգար Ղազարյանի հայտարարություններին։
«Առնվազն տեսանելի է, որ քաղաքացիների մոտ ընդդիմադիրների շարժումները մեծ հաշվով աջակցություն չեն վայելում: Այն օրակարգը, որով ընդդիմադիր քաղաքական գործիչներն արդեն որերորդ անգամ դուրս են գալիս փողոց, քաղաքացիները չեն կիսում», - նշեց իշխող խմբակցության պատգմավոր Վահագն Ալեքսանյանը:
Իշխող խմբակցության պատգամավորն ասում է՝ ընդդիմադիր գործիչը կրկնվում է. - «Էդգար Ղազարյանը շարունակում է հանդիսանալ ընդդիմության ամենաինտելեկտուալ, ամենավառ, քաղաքական ամենալավ կենսագրություն ունեցող, քաղաքական ամենամեծ հանրայնություն վայելող ընդդիմադիր քաղաքական գործիչն ընդդիմության շարքերում, բայց թույլ տվեք, նրա թվով 15, 16-րդ նմանատիպ ակցիաները, նմանատիպ խոսույթով ակցիաները չմեկնաբանեմ»:
Էդգար Ղազարյանը ամիսներ առաջ ընդդիմության միասնական թեկնածուն էր Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի համար։ Խորհրդարանական հանձնաժողովում նրա հանդիպումը անցել էր իշխանականների հետ վիրավորանքներով։