Մատչելիության հղումներ

Գյուլեր. «Շվեդիան կարող է միանալ ՆԱՏՕ-ին պարտավորությունները կատարելու դեպքում»


Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, Բրյուսել, 16-ը հունիսի, 2023թ.
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, Բրյուսել, 16-ը հունիսի, 2023թ.

Թուրքիայի նորանշանակ պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Շվեդիան կմիանա ՆԱՏՕ-ին ահաբեկչության դեմ պայքարի համար մադրիդյան հռչակագրով ստանձնած պարտավորությունների կատարման դեպքում:

TRT թուրքական հեռուստակայանի փոխանցմամբ՝ Գյուլերն այսօր ասել է, որ նախօրեին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հավաքում, պաշտոնակիցներին տեղեկացրել է Անկարայի դիրքորոշման մասին:

«Մենք ասել ենք, որ Ստոկհոլմի հետ հանդիպումներում մեր աջակցությունն ենք հայտնել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և նշել, որ ստանձնած պարտավորությունները կատարելու պարագայում Շվեդիան էլ՝ Ֆինլանդիայի նման, կարող է անդամակցել դաշինքին»,- ասել է նախարարը:

Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան անցյալ տարվա հունիսի 28-ին Մադրիդում կնքել են եռակողմ հռչակագիր, որի համաձայն սկանդինավյան երկու երկրները պարտավորվել են հզորացնել պայքարն ահաբեկչության դեմ, արտահանձնել Թուրքիայում հանցագործներ համարվող ամբաստանյալներին, չսատարել քուրդ անջատականներին և կրոնական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի հետևորդներին: Այդ դեպքում Թուրքիան չի առարկի ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկու երկրների անդամակցման դեմ:

Ֆինլանդիան այս տարվա ապրիլի 4-ին պաշտոնապես անդամակցել է Հյուսիսատլանտյան դաշինքին:

Երկու երկրները որոշել են միանալ ՆԱՏՕ-ին, երբ Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի 24-ին հարձակվել է Ուկրաինայի վրա:

XS
SM
MD
LG