Մատչելիության հղումներ

Ըստ «Ռոյթերս»-ի՝ Էրդողանի որդին ներգրավված է եղել կոռուպցիոն խոշոր գործարքում․ թուրք պաշտոնյաները դատապարտում են հրապարակումը


Թուրքիայի նախագահի որդին՝ Բիլալ Էրդողանը
Թուրքիայի նախագահի որդին՝ Բիլալ Էրդողանը

Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները խստորեն քննադատել են «Ռոյթերս»-ի հատուկ զեկույցը, դրա մեջ քաղաքական ենթատեքստ տեսել, կապել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության խնդիրների հետ, իսկ թուրքական երկու մեդիա հոլդինգներ խզել են համագործակցությունը «Ռոյթերս»-ի հետ։

Նրանց վրդովմունքի պատճառը տասնյակ միլիոնավոր դոլարների կոռուպցիոն գործարքում Թուրքիայի նախագահի որդու՝ Բիլալ Էրդողանի հնարավոր ներգրավվածության մասին հրապարակումն է։

Հունիսի 26-ին հրապարակված հատուկ զեկույցում «Ռոյթերս»-ը հայտնում է, որ ԱՄՆ-ի և Շվեդիայի հակակոռուպցիոն իշխանությունները նախնական քննություն են սկսել ամերիկյան ընկերության շվեդական մասնաճյուղի դեմ բողոքի հիման վրա, ըստ որի թուրքական շուկայում գերիշխող դիրք գրավելու, 10 տարով մենաշնորհ ունենալու նպատակով նախատեսվում էր տասնյակ միլիոնավոր դոլարներ վճարել թուրքական ընկերությանը, որի կառավարման խորհրդի անդամ է Թուրքիայի նախագահի որդի Բիլալ Էրդողանը։ Բողոքի պատճառով Dignita Systems AB շվեդական ընկերությունը անցած տարեվերջին հրաժարվել է գործարքից։

Սակայն «Ռոյթերս»-ի տրամադրության տակ են հայտնվել գործնական փաստաթղթեր, նամակագրություն, հաղորդագրություններ, որոնք բացահայտում են նախատեսված գործարքի մանրամասները։

Ընկերության ամերիկացի սեփականատերը հաստատել է, որ իմանալով Թուրքիայում պոտեցնիալ վտանգավոր վարքագծի մասին ծրագիրը փակվել է, իսկ մի քանի աշխատակից հեռացվել են աշխատանքից։

Նախատեսված պլանի համաձայն Թուրքիայի նախագահի Ռեջեփ Էրդողանի վարչակազմը օգնելու էր Dignita-ի ալկոթեստերի վաճառքին, հատուկ պայմաններով 10 տարվա մենաշնորհ ապահովելով։ Ալկոթեստերը մի սարքավորում է, որը տեղադրվում է ավտոմեքենայի կառավարման վահանակում ու երբ այն ալկոհոլի հոտ է զգում, անջատում է մեքենայի էլեկտրոնիկան, ալկոհոլ օգտագործած վարորդը պարզապես չի կարող միացնել շարժիչը ու վարել մեքենան։ Թուրքիայում այդ սարքավորման 10 տարվա առևտրային բացառիկության դիմաց ընկերությունը պատրաստվում էր լոբինգ անել վճարելով տասնյակ միլիոնավոր դոլարներ։

Dignita-ի գործադիր տնօրեն Անդերս Էրիկսոնը «Ռոյթերս»-ին ասել է, թե չի կարող քննարկել ենթադրյալ սխեման, քանի որ պատրաստվում է լքել ընկերությունը և համաձայնագրով պարտավորվել է գաղտնիություն պահպանել։

Բիլալ Էրդողանը իր փաստաբանի միջոցով պնդել է, որ Dignita-ի հետ ենթադրյալ համաձայնությունները իրականությանը չեն համապատասխանում։ «Դա ստի ցանց է», - հավելել է փաստաբանը։

ԱՄՆ-ի և Շվեդիայի իրավապահ մարմինները, պաշտոնապես պատասխանելով «Ռոյթերս»-ի հարցմանը, հայտարարել են, որ ապրիլին ստանալով բողոքը, ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը և Շվեդիայի դատախազությունը հատուկ գործակալ, դետեկտիվ- տեսուչին հանձնարարել են նախնական քննություն անցկացնել։ Նախնական քննությունը հնարավոր է և չհանգեցի պաշտոնական հետաքննության կամ մեղադրանքի։

Անկարան խիստ քննադատությամբ է արձագանքել հրապարակմանը

Անկարան խիստ քննադատությամբ է արձագանքել «Ռոյթերս»-ի հրապարակմանը։

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթլուլմուշը դատապարտել է «Ռոյթերս» գործակալությանը, որը նրա խոսքերով՝ կեղծ տեղեկատվություն է հրապարակել։ Քուրթլուլմուշի ասելով՝ այդ նյութը հստակ նախապատրաստվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ՝ Թուրքիայի սկզբունքային դիրքորոշման դեմ։ «Մենք հիանալի գիտենք, թե որտեղ են հորինվել ստով ու զրպարտությամբ գունազարդված այդ լուրերը», - Թվիթերում գրել է նա։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն ասել է, թե «Ռոյթերս»-ի հրապարակումը կեղծիք է ու մանիպուլյացիա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ Հրապարակումը քննադատել է նաև Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր խորհրդական Աքիֆ Քըլըչը ասել է, որ «Ռոյթերս»-ի հրապարակումը «հանդիսանում է հստակ գործողություն Թուրքիայի նախագահի և նրա ընտանիքի դեմ և «ՖԵՏՈ»-ի ռազմավարություն է հիշեցնում»։

«ՖԵՏՈ»-ն ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպություն է, որը թուրքական իշխանությունները ահաբեկչական են համարում և մեղադրում 2016-ի հեղաշրջումը կազմակերպելու մեջ։

Թուրքիայի նախագահի որդին՝ 42-ամյա Բիլալ Էրդողանը նախկինում ևս կասկածվել է կոռուպցիոն և անօրինական ուրիշ գործերով։ Մասնավորապես՝ նրա անունը կապվում էր 2016 թվականին Իտալիայի դատախազության հարուցած փողերի լվացման գործի հետ, որը վերաբերում էր մեծ չափի կանխիկ գումարներ Իտալիա մտցնելու հետ։ Իսկ ռուսները պնդում էին, որ նա եկամուտներ ուներ Սիրիայում հաստատված «Իսլամական պետության» նավթի վաճառքի գործարքներից։ Բիլալ Էրդողանը մեղադրանքները հերքում էր․ հերքում է նաև «Ռոյթերս»-ի հրապարակումը։

XS
SM
MD
LG