Շվեդիայի կառավարությունը որոշել է Թուրքիային արտահանձնել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) աջակիցներից մեկին, հաղորդում է շվեդական SVT հանրային հեռարձակողը։
Խոսքը Թուրքիայի 35-ամյա քաղաքացու մասին է, ով 2013 թվականին թուրքական դատարանի կողմից մոտ 4,5 տարվա ազատազրկման է դատապարտվել թմրանյութերի հետ կապված հանցագործության մեղադրանքով։
Անցած ամիս Շվեդիայի գերագույն դատարանը վճռել է, որ Էրդողանի քննադատի արտահանձնումը չի հակասում ոչ ներքին օրենսդրությանը, ոչ էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Մինչդեռ դատավարության ընթացքում Թուրքիայի քաղաքացին պնդել է, որ իրեն արտահանձնելու պատճառը Թուրքիայում ահաբեկչական կառույց հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը աջակցելն է։ Նրա խոսքով՝ ինքը Թուրքիան լքել է օրինական կերպով՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց և Շվեդիայում աշխատանքի թույլտվություն ստանալուց հետո։
Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի դիմումի հաստատման դիմաց մի շարք պահանջներ է առաջ քաշել՝ այդ թվում քրդական կազմակերպություններն ահաբեկչական ճանաչել, արտահանձնել ահաբեկչության մեջ մեղադրվողներին և չեղարկել Անկարային զենքի վաճառքի արգելքը։