Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին և նրան օժանդակած մյուս երկու մեղադրյալներին՝ Հարությունյանի ղեկավարած գերատեսչության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Սուրեն Ավագյանին, Սևանի հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանին պատկանող 3 տասնյակից ավելի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք է դրվել, տեղեկացնում է Հակակառուպցիոն կոմիտեն։
Ըստ կոմիտեի՝ հեռակա վարույթով նախաքննությունն ավարտվել է, նախքննությամբ պարզվել է, որ Հարությունյանը մտերիմ անձանց օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 5 մլն ԱՄՆ դոլարը, ինչպես նաև չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Արամ Հարությունյանի, Սուրեն Ավագյանի, Գագիկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է, որ հեռակա վարույթով դատաքննության արդյունքներով հնարավորություն կընձեռվի մեղադրական դատավճռի կայացման դեպքում հօգուտ պետության բռնագրավվել վերոհիշյալ դրամական միջոցներն ու գույքը՝ բռնագանձման ենթակա գումարի չափով:
Գործարար Սիլվա Համբարձումյանն էր հեղափոխությունից հետո հայտարարել, որ 2008-ին կաշառք է տվել բնապահպանության նախարարին, որ իրեն դյուրությամբ, առանց իրական աճուրդների հանքեր շահագործելու արտոնագրեր տրվեն։ Հարությունյանը 2019-ին լքել է Հայաստանը։ Հետախուզման մեջ գտնվող բնապահպանության նախկին նախարարը մեղադրանքը չի ընդունում։