Մատչելիության հղումներ

Արցախից շուրջ 190 բուժառու սպասում է հայաստանյան բժշկական հաստատություններ տեղափոխվելու հնարավորությանը


Արցախից շուրջ 190 բուժառու, այդ թվում՝ անհապաղ տեղափոխման ենթակա անձինք, սպասում են հայաստանյան բժշկական հաստատություններ տեղափոխվելու հնարավորությանը՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու համար, «Ազատության»-ը հայտնեց Արցախի առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանը։

«Շուրջ 190 բուժառուներ, տարբեր ախտորոշումներով, սպասում են Հայաստանի Հանրապետության տարբեր բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորությանը, որպեսզի ստանան համապատասխան բուժօգնություն։ Ունենք նաև անհապաղ տեղափոխման ենթակա անձինք, ովքեր ունեն ուռուցքային և սրտանոթային համակարգի հիվանդություններ, նրանց տեղափոխումը խիստ անհրաժեշտ է, որպեսզի ստանան պատշաճ բուժօգնություն և խուսափեն հետագա բարդություններից»,- ասաց Իսախանյանը։

Ամբողջական շրջափակման՝ դեղորայքի ներկրման բացակայության պատճառով Արցախում դադարեցված են պլանային վիրահատությունները, հետազոտությունները։

«Մենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դեղորայքի բավարավածությունը բուժհաստատություններում ստացիոնար հատվածում հասել է շուրջ 40 տոկոսի, ամբուլատոր հատվածում շուրջ 20 տոկոսի, և, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, արդեն որոշում է կայացվել, որպեսզի բուժհաստատություններում դադարեցվեն բոլոր պլանային միջամտությունները, հետազոտությունները», - ասաց Արցախի առողջապահության նախարարի մամուլի խոսնակը։

Ադրբեջանն արդեն մեկ շաբաթ է՝ արգելում է հումանիտար փոխադրումներն Արցախ։ 7 օր է՝ խաղաղապահների միջոցով Ստեփանակերտ ոչ սնունդ, ոչ էլ դեղորայք է մատակարարվում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն էլ Ստեփանակերտից ծայրահեղ ծանր հիվանդներ չի կարողանում տեղափոխել երևանյան բժշկական կենտրոններ։

XS
SM
MD
LG